Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիային զենք վաճառելու արգելանքը
Ֆինլանդիան հանել է Թուրքիային զենք վաճառելու արգելանք (էմբարգո), որը գործում էր 2019 թվականից: Իսկ պատճառն այն էր, որ թուրքական բանակի ստորաբաժանումները ռազմական գործողություններ էին սկսել քուրդ զինյալների դեմ՝ վերջիններիս համարելով ահաբեկիչներ։
Վերոհիշյալ արգելանքի չեղարկման մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը, գրում է Էրմենիհաբերը։
Ավելի վաղ էլ Շվեդիան էր հանել Թուրքիային զենք վաճառելու արգելանքը, որը նույնպես գործում էր սկսյալ 2019 թվականից, երբ թուրք ուժայինները ռազմագործողություն էին իրականացնում քուրդ զինյալների դեմ Սիրիայում։
Այս չեղարկումները տեղի են ունենում Թուրքիայի ու սկանդինավյան այդ երկու երկրների միջև լարված հարաբերությունների համատեքստում:
Նախորդ տարի Շվեդիան և Ֆինդլանդիան Հյուսիստլանտյան դաշինքին (ՆԱՏՕ-NATO) միանալու հայտ են ներկայացրել։ Դիմումը պետք է ընդունվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից։ Բայց Թուրքիան իր հավանությունը տալու դիմաց մի շարք պահանջներ է ներկայացրել Շվեդիային և Ֆինլանդիային։