Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարին ելույթներով հանդես կգա ՄԹ-ում
Հունվարի 25-ին հրավիրված համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշել է հիմնադրման 17-ամյակը։ Երեկոն ղեկավարում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ճիշտ 17 տարի առաջ՝ 2006 թվականի հունվարի 25-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին բեմելն էր։ Այն ժամանակ 18-ամյա Սերգեյ Սմբատյանը, համախմբելով իր երաժիշտ ընկերներին, հիմնադրել է նվագախումբ, որը հետագա տարիներին կարողացել է մեծ ճանաչում ձեռք բերել Հայաստանում և նրա սահմաններից դուրս, սիրվել երաժշտասերների կողմից՝ նրանց ներկայացնելով դասական երաժշտության հարուստ երկացանկ և աշխարհահռչակ երաժիշտների կատարումներ։ Ստեղծման օրից նվագախմբի թիվ մեկ առաքելությունը բարձր կատարողական որակ և միջազգային չափանիշներ ապահովելն է, ինչը կյանքի է կոչվում հետևողական աշխատանքի շնորհիվ։
Անցած տարիների ընթացքում նվագախումբն ունեցել է հարյուրավոր համերգներ, այդ թվում շուրջ 100 համերգ՝ Հայաստանից դուրս։ Հյուրախաղերով է հանդես եկել մի քանի տասնյակ երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Նիդերլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Մալթայում, Չինաստանում, Լիբանանում, Արաբական Էմիրություններում, Իսրայելում, Ռուսաստանում և այլն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր արտասահմանյան համերգային շրջագայությունների ընթացքում մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ այդպիսով հանրահռչակելով և՛ հայկական կոմպոզիտորական ժառանգությունը, և՛ ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը։
Ձայնագրվել և թվայնացվել են հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ հարյուրավոր ստեղծագործություններ, ինչը հնարավորություն է տալիս մեր երաժշտական ժառանգությունը սերունդների համար պահպանել ժամանակակից ձևաչափով, ինչպես նաև հանրայնացնել աշխարհում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարևորում է համագործակցությունը դասական երաժշտության մեծ լսարան ունեցող միջազգային հարթակների հետ՝ Medici.tv, Euronews, Classic.fm, Mezzo TV և այլն, որոնք վերջին տարիներին բազմիցս հեռարձակել են Սիմֆոնիկի կատարումները։
17-ամյակի համերգին նվագախումբը ներկայացրել է Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները՝ Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Թիվ 4 սիմֆոնիան։ Որպես մենակատար հանդես եկավ դաշնակահար Միրոսլավ Կուլտիշևը։ Վերջինս երաժշտական ամենամեծ նախագծերից մեկի՝ Classical Piano միջազգային մրցույթի 2021թ. հաղթողն է, ով, ի դեպ, Դուբայում կայացած Classical Piano մրցույթի հաղթող է դարձել՝ երրորդ և չորրորդ փուլերում ելույթ ունենալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Մշակութային ծրագրերի իրականացումից բացի, նվագախումբը մշտապես ձգտում է իրացնել իր սոցիալական պատասխանատվությունը։ Այս ուղղությամբ 2023 թվականից նվագախումբը վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպության հետ սկսում է մի նշանակալի նախագիծ, որով իր նպաստն է բերելու լսողության խնդիրներ ունեցող երեխաների աջակցությանը։
Նվախամբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 17-ամյակի համերգը նախորդում է մեծ հյուրախաղերին. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարին ելույթներով հանդես կգա Միացյալ Թագավորությունում։ Նախատեսված է 10 համերգ տարբեր քաղաքներում։
Միացյալ Թագավորությունում խստապահանջ ունկնդիրը հնարավորություն կստանա ի թիվս այլ գործերի վայելելու նաև հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան