Ադրբեջանի՝ այս շրջափակմանը դիմելու պատճառն էթնիկ զտումների համար հող նախապատրաստելն է. Հայկ Մամիջանյան
Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը:Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Նիստի ընթացքում կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանն արձագանքել է ադրբեջանցի պատվիրակների ելույթներին:
«Չեմ կարծում, որ 3 րոպեն բավական է արձագանքնելու համար բոլոր այն կեղծ թեզերին, որոնք հնչեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչները: Բայց, հարգելի՛ գործընկերներ, դուք բոլորդ տեսնում եք ստեղծված իրավիճակը: Աշխարհը, բոլոր միջազգային կառույցները ու մի շարք պետություններ հայտարարում են, որ առկա է շրջափակում, առկա է հումանիտար աղետ, իսկ մի քանի հոգի այս դահլիճում փորձում են հայտարարել, որ նման բան գոյություն չունի:
Գիտեք, բավական դժվար է փաստեր տրամադրել, երբ Ադրբեջանը մերժում է ամեն տեսակի միջազգային առաքելությունների ներկայության հնարավորությունը: Չգիտեմ՝ սա կարո՞ղ է արդյոք փաստ ընկալվել, թե՞ ոչ, բայց այս բանավեճի ընթացքում ես սոցիալական ցանցերի խմբերում կարդացի Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից արված առնվազն 4-5 տարբեր հրապարակումներ, եւ դրանցից բոլորն արված էին ծնողների կողմից, ովքեր միմյանց հարցնում էին, թե արդյո՞ք որեւէ մեկը մանկական սնունդ ունի, որպեսզի վերցնեն իրենց երեխայի համար: Սա ինձ համար լավագույն օրինակ է:
Դուք կարող եք մտածել ու ասել այն ամենը, ինչ ուզում եք զենքի եւ այլ անհեթեթ բաների մասին, բայց ո՞րն է գազատարի փակման, հոսանքի ու ինտերնետ կապի խափանման իմաստը: Սա, իհարկե, աբսուրդային է, բայց ի՞նչ է՝ դուք կարծում եք, որ գազատարի կամ ինտերնետ մալուխների միջոցով զինամթե՞րք են տեղափոխելու: Ո՛չ, միակ պատճառը, որ Ադրբեջանը դիմել է այս շրջափակմանը, հող նախապատրաստելն է էթնիկ զտումների համար:
Ես գիտեմ՝ ինչու՞ է այս ամենը տեղի ունենում: Կատարվածի միակ բացատրությունն այն է, որ Ղարաբաղը ձեզ համար լոկ տարածք է, իսկ մեզ համար՝ հայրենիք:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այո՛, ունի սուղ քանակությամբ սնունդ, դեղամիջոցներ, գազ ու էլեկտրականություն, բայց մի քանի բան արցախցիները հաստատ ունեն՝ ունեն պատիվ, ունեն իրենց հողի վրա՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունք եւ, միանշանակ, ունեն ինքնորոշման իրավունք:
Լավ հիշեք, և ես սա ասել եմ բազմիցս՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- եզրափակել է պատգամավորը»,- հայտնում են ԱԺ-ից։
:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին