Ճապոնիան կարգելի պատվաստանյութերի և բժշկական սարքավորումների արտահանումը Ռուսաստան
Ճապոնիան արգելք է դնում Ռուսաստան պատվաստանյութերի, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների, միջուկային նյութերի և սարքերի, պայթուցիկ նյութերի հայտնաբերման սարքավորումների արտահանման վրա։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
«Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակի հետ, որպես ներդրում այդ խնդրի լուծման և խաղաղության հաստատման միջազգային ջանքերում, արգելք դնել Ռուսաստան ապրանքների արտահանման վրա, որոնք կարող են ծառայել ռազմական հզորության ամրապնդմանը»,- ասված է գերատեսչության հայտարարությունում։
Այն ուժի մեջ կմտնի փետրվարի 3-ից։
Արգելքի տակ են հայտնվել միջուկային նյութեր և սարքեր, ռադիոակտիվ նյութերի մշակման սարքավորումներ, նավթի և գազի հետախուզման սարքավորումներ, մահակներ, պատվաստանյութեր, բժշկական ապրանքներ, անալիզների և թեստերի սարքեր, մատնահետքերի փոշի, արցունքաբեր գազ, դոզիմետրեր, պայթուցիկ նյութեր, ռենտգեն զննման սարքավորումներ, կոմպոզիտային նյութերի արտադրության սարքավորումներ, շարժական էլեկտրոգեներատորներ, ռոբոտներ, հորատման սարքեր, նյութեր, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով որպես հումք, թունավոր քիմիական նյութեր և այլն։
Բացի այդ, Տոկիոն պատժամիջոցներ է սահմանում 22 մասնավոր անձանց և երեք ընկերությունների դեմ, որոնց ակտիվները կսառեցվեն, և կարգելի ապրանքների մատակարարումը 49 ռուսական կազմակերպությունների և ընկերությունների: Պատժամիջոցների ցուցակները հրապարակվել են Ճապոնիայի ԱԳՆ-ի կողմից։