Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվեց ևս մեկ կարևոր նմուշով
Հայաստանի ազգային պատկերասրահի արվեստի հիանալի հավաքածուն համալրվել է հիմնականում նվիրյալների շնորհիվ։ Վերջին տարիներին վերականգնվել է նվիրատվության բարի ավանդույթը։Այս մասին հայտնում են Ազգային պատկերասրահից։
«Այսօր Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվեց ևս մեկ կարևոր նմուշով։ Տաղանդավոր արվեստագետ Հռիփսիմե Սիմոնյանի (1916-1998) թոռնուհին՝ Արևիկ Գրիգորյանը, Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրեց ընտանեկան հավաքածուից «Սիրահարներ» (1970-ականներ) ստեղծագործությունը: Հ. Սիմոնյանի այս աշխատանքը բացառիկ է թեմայի տեսանկյունից։
Կարսում ծնված հայ արվեստագետը հանրությանը ծանոթ է իբրև քանդակագործ-խեցեգործ։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Սիմոնյանի ընտանիքը հաստատվել է Թբիլիսիում, որտեղ Հռիփսիմեն 1945 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետի խեցեգործության բաժինը։ Հետագայում, Հայաստանի Նկարիչների միությանը կից կազմակերպել է կիրառական արվեստի բաժին և ղեկավարել այն մինչև 1975 թվականը։ 1956-ից եղել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի խեցեգործության բաժնի վարիչ (1977-ից՝ պրոֆեսոր)։ Իսկ 1958 թվականին Ռ․ Շահվերդյանի հետ ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտին կից ստեղծել է խեցեգործության լաբորատորիա:
«Սիրահարներ» ստեղծագործությունը շուտով կներկայացվի «Մերկի հանդերձները. մերկության պատկերավորումները հայկական գրաֆիկայում» ցուցահանդեսին: Իսկ 2024 թ. գարնանը տեղի կունենա Հռիփսիմե Սիմոնյանի ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունը»,- ասվում է հաղորդագրությունում: