Գնալով բարդանում է պետական մարմիններից անհրաժեշտ տեղեկություններ ստանալը. Մելիքյան
«2022 թվականը բավականին լարված ժամանակահատված է եղել լրագրողների, լրատվամիջոցների համար, ինչը պայմանավորված է եղել բազմաթիվ գործոններով, օրինակ, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիա, հայ-ադրբեջանական հակամարտության սրացումներ, ներքաղաքական լարվածություն և դրանով պայմանավորված բողոքի ակցիաներ»,- Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2022թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս՝ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով, նման իրադարձությունների լուսաբանումն, իհարկե, բավականին բարդ էր։
«Մեր դիտարկումներում և եզրակացություններում ասում ենք, որ սովորաբար այսպիսի լարված իրավիճակներում, բնականաբար, բարդանում է լրատվամիջոցների աշխատանքը, նաև այն պատճառով, որ լարված, էքստրեմալ իրավիճակներում ավելանում են ճնշումների, բռնությունների քանակը»,- ասաց Ա. Մելիքյանը։
2022-ին արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 14 դեպք 16 տուժողով։ Ըստ նրա, հատկանշական էր 2022 թվականի երկրորդ եռամսյակը, երբ բողոքի ակցիաների ալիք էր և այդ ժամանակահատվածում ամենաշատ ֆիզիկական բռնությունների դեպքերն են արձանագրվել։
Եթե առաջին եռամսյակում 1 դեպք էր արձանագրվել, ապա երկրորդ եռամսյակում արձանագրվել է ֆիզիկական բռնության 11 դեպք 12 տուժողով։
Բայց հենց բողոքի ակցիաները լուսաբանելիս կամ այլ կոնֆլիկտային իրավիճակներում արձանագրվել է 10 ֆիզիկական բռնության դեպք 11 տուժողով։
2022 թ. երրորդ եռամսյակում արձանագրվել է ֆիզիկական բռնության 2 դեպք 3 տուժողով, 4-րդ եռամյակում նման դեպք չի արձանագրվել։
Տարվա ընթացքում ԶԼՄ-ների և դրա աշխատակիցների նկատմամբ ճնշումների (ըստ եռամսյակների՝ 12, 11, 18, 14) 55 դեպք է արձանագրվել։
«Իհարկե, 55 դեպքը բավականին մեծ թիվ է»,- ընդգծեց Մելիքյանը։
2022-ին տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտումների 115 դեպք է արձանագրվել, ըստ եռամսյակների՝ 45, 24, 20, 26։
«Սա 2022-ի ամենախնդրահարույց թեման է։ Մենք նկատում ենք, թե գնալով ինչքան է բարդանում պետական մարմիններից անհրաժեշտ տեղեկություններ ստանալը»,- ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Համեմատության համար նշվեց, որ 2021-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 18 դեպք 20 տուժողով, ԶԼՄ-ների և դրա աշխատակիցների նկատմամբ ճնշումների՝ 108 դեպք, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտման՝ 99 դեպք։
«Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքների խախտման դեպքերն ավելացել են։ Այս առումով, իհարկե, պետությունը, հատկապես իշխանությունները մեծ անելիքեր ունեն, պետք է և կադրերի պատրաստման առումով, և ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու միջոցով այս խնդիրը լուծել»,- ասաց նա։
Ըստ Ա. Մելիքյանի, երբ խոսում են ճնշումների մասին, պետք է արձանագրել նաև լրագրողների նկատմամբ վիրավորական, արհամարհական վերաբերմունքը. «Ցավոք, 2022-ին էլ արձանագրվեցին նման դեպքեր, հիմնականում իշխանության ներկայացուցիչներն են եղել, մասնավորապես իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները»։
2022-ին արձանագրվել է 32 նոր դատական հայց ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների։
«Սա երկու անգամ պակաս է 2021-ին արձանագրված թվից՝ 61, այդուհանդերձ, 30 նոր հայցը բավականին մեծ թիվ է։ Այդ 32 դատական գործերից 30-ը հիմնականում վիրավորանքի և զրպարտության հիմքով են, քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածն է, իսկ 2-ն այլ դատական վեճեր են՝ կապված հիմնականում ՀՌՀ-ի կողմից անցկացված մրցույթներից հետո վեճերին»,- նշեց նա։
Ա. Մելիքյանի խոսքով, երբ տեղեկատավան վեճ է ծագում, շատ քիչ են օգտագործվում վեճերի լուծման արտադատական մեխանիզմները. «Ցավոք, մեր հորդորները, որ սկզբից անպայման պետք է դիմել խմբագրությանը, փորձել հերքման կամ պատասխանի իրավունքով վեճը լուծել, եթե դա չի ստացվում, միգուցե դիմել ինքնակարգավորման կառույցներին։ Եթե դա էլ չի ստացվում, նոր դիմել դատական ատյաններ։ Մեզանում ընդունված է միանգամից գնալ դատարան։ Դրանում, իհարկե, մենք տեսնում ենք միտում, այսինքն մարդիկ փորձում են ինչ-որ կերպ, չասեմ վրեժխնդիր լինեն, բայց պատժեն լրատվամիջոցին նաև ֆինանսական տեսանկյունից։ Շատ հաճախ այդ հացվորների վարքագծից դա երևում է, երբ մաքսիմալ փոխհատուցման պահանջ է ներկայացվում կամ դատարանին խնդրում են հայցապահանջի չափով գույքի և բանկային հաշիվների վրա կալանք կամ արգելանքներ կիրառել։ Այս ամենը խոսում է այն մասին, որ գլխավոր նպատակը ոչ թե տեղեկատվության ճշգրտումն է և հանրությանն արդեն ճշտկված տեղեկատվություն հասցնելը, այլ լրատվամիջոցի հետ հաշիվներ մաքրելը»։
Նա հայտնեց, որ 2022 թ. ստորագրված հուշագրով նախատեսվում է նախապատրաստել տեղեկատվական ոլորտի զարգացման և մեդիաօրենսդրության բարեփոխումների հայեցակարգ, ըստ որի հիմնարար սկզբունքների հիման վրա ապագայում անհրաժեշտ կլինի փոխել մեդիաօրենսդրությունը, որը բավականին հնացել է ու չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին։
Մելիքյանը նաև ասաց, որ միջազգային ասպարեզում խոսքի ազատության և ինտերնետի ազատության տեսանկյունից 2022 թ. զեկույցներում Հայաստանի իմիջն ու դիրքերը բավականին բարելավել են։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ավելացել են ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերը. Զեկույց
- Լրագրողների նկատմամբ ԱԺ-ում կատարված ոտնձգությունների հարցով «Ամարաս»-ը գլխավոր դատախազին հաղորդում է ուղարկել
- ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է ԱԺ-ում լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները
- ՀՀ-ում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերն ավելացել են. Զեկույց
- Լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները հետադիմական են և մտահոգիչ. Աշոտ Մելիքյան
- Թագուհի Թովմասյան. Լրագրողների նկատմամբ այս տարբերակված մոտեցումը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում
- Աշոտ Մելիքյան․ Աճել են լրագրողների նկատմամբ բռնություններն ու ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները
- Լրագրողների նկատմամբ հունիսի 7-18-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 2, տարատեսակ այլ ճնշումների 5 դեպք
- Լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են․ Շուշան Դոյդոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան