Արցախի ժողովրդին նվիրաբերած 250 տ. հումանիտար բեռը շարունակում է մնալ Գորիսում. Շտաբ
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնում է.
«Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի ժողովրդին նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը, ՀՀ և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը, ինչպես նաև Արցախի երեխաների համար նախատեսված ամանորյա նվերները ցավոք սրտի շարունակում են գտնվել Գորիս քաղաքում և դեռևս անհնարին է հասցնել Արցախ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։
Տեղեկացնում ենք նաև, որ շարունակվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ: Բարեգործական բեռն Արցախ տեղափոխելու հնարավորության դեպքում այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների»։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերի լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզերը, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությանը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կաչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Մի ամսից ավելի է Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Չնայած տարբեր երկրիների կոչերին՝ բացել Արցախ-Հայաստան միջանցքը, ադրբեջանական հերթական ագրեսիան դեռ մնում է անպատիժ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան