Հայաստանը դառնում է բիոքաղաքական մարտերի տարածք. Վիգեն Հակոբյան
ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել բավականին կոշտ հայտարարությամբ։ Այս մասին «Այլընտրանքային ծրագրեր» նախաձեռնության կազմակերպած «Այսօրվա և վաղվա Հայաստանը. ինչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով պանելային քննարկմանը հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության մասին հայտարարությանը։
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը տարածել էր հայտարարություն, որի համաձայն՝ Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները հաստատել են Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու որոշումը՝ «Կովկասում կարգավորմանն աջակցելու նպատակով»։ Դրան հունվարի 26-ին հետևեց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, որում նշված է, որ «Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։
«Աննախադեպ կոշտ հայտարարություն էր, որն, իհարկե, նախազգուշացում էր։ Այնպիսի տպավորություն է, որ կարող է վերջին նախազգուշացումը լինել։ Մենք այն ժամանակահատվածում ենք գտնվում, որ դեռևս պարզ չէ զարգացումներն ինչ ուղիով կգնան, քանի որ ակնհայտորեն էսկալացիոն բնույթ է կրում իրավիճակը մեր տարածաշրջանում»,- նշեց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Ռուսաստանի հայտարարությունը բոլորի համար ընկալելի էր, հասկացան իրավիճակի լրջությունը և պատահական չէ, որ կոլեկտիվ Արևմուտքի անունից Հայաստանին վերաբերվող հայտարարությանը պատասխանեց Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը՝ ուղղակիորեն հայտարարելով,որ խաղաղապահների հետ գործ չունեն. «Այսինքն՝ Ռուսաստանի նետած մարտահրավերը ԱՄՆ-ն ուղղակիորեն ընդունեց ու ասեցին, որ առայժմ խաղաղապահների հետ մենք գործ չունենք»։
Քաղտեխնոլոգը նշեց նաև, որ Հայաստանը դառնում է բիոքաղաքական մարտերի տարածք։
«Այն, ինչի մասին 1,5 տարի է խոսում են փորձագետները, թե Հայաստանը վերածվելու է Սիրիայի, դա արդեն իսկ շատ մոտ է իրականությանը, եթե այդպիսին չի արդեն իրավիճակը։ Դա իրենց ձեռքով և ոտքով արել են Հայաստանի իշխանությունները, և այսօր փաստորեն մեր սահմանի մի մասը վերահսկվում է ռուսների կողմից, մյուսը՝ դեռևս քաղաքացիական կոչվող առաքելության կողմից, բայց ռուսների երեկվա հայտարարության մեջ հստակ ասվում է՝ դա այդքան էլ քաղաքացիական առաքելություն չէ, քանի որ այն տեղավորվում է ԵՄ անվտանգությանը և պաշտպանությանը վերաբերվող կոնցեպտի մեջ»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ազգովի սպասում ենք աղետի. Վահե Հովհաննիսյան
- Հայաստանում քաղաքական գործընթացներն արդեն թելադրում են ոչ թե գերտերությունները, այլ Բաքուն. Արգիշտի Կիվիրյան
- Չալաբյան. Մեզ պետք է շատ ավելի մոբիլ բանակ