Վրաստանում ապրիլից ռազմական ԱԹՍ-ներ կարտադրեն
Վրաստանն ապրիլից սկսում է սեփական ռազմական անօդաչու սարքերի զանգվածային արտադրություն: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
Լեհական WB Electronics ընկերությունը և վրացական «Դելտա» ռազմագիտատեխնիկական կենտրոնը Վրաստանում համատեղ ընկերություն են հիմնել, որն էլ զբաղվելու է անօդաչուների արտադրությամբ։ ԱԹՍ-ների որոշ պատրաստի օրինակներ արդեն փորձարկվել են Վրաստանի վարչապետի, պաշտպանության, ներքին գործերի նախարարների ներկայությամբ։
Վրաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, խոսքը կամիկաձե և հետախուզական անօդաչուների մասին է, վրաց-լեհական ընկերությունը մտադիր է տարեկան մոտ 1000-1500 ռազմական անօդաչու թռչող սարք արտադրել։