Երաժշտական կոմեդիայի թատրոնն այս տարի նախատեսում է ունենալ 8 և ավելի առաջնախաղ
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար 2022 թվականը բավականին հաջող էր, մեկ տարվա ընթացքում թատրոնն ունեցել է 9 առաջնախաղ։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում ասաց թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:
«Երբևէ չէր եղել, որ մեկ տարվա մեջ 9 առաջնախաղ լինի: Ընդհանուր առմամբ, ունեցել ենք 196 ներկայացում նախորդ տարվա ընթացքում, ավելի քանի 60 հազար հանդիսատես: Սա նաև այն պայմաններում, որ մեր թատրոնը ժանրային առումով լինելով երաժշտական կոմեդիայի թատրոն՝ 2022թ ունեցել է շրջան, երբ նույնիսկ մտածում էինք ներկայացումներ հանելու մասին»,- նշեց թատրոնի տնօրենը։
Անդրադառնալով նախորդ տարի թատրոնում իրականացված աշխատանքներին, Կարո Շահբազյանն ասաց, որ 2022թ համար կառավարությունը հատկացրել էր ավելի քան 350 մլն դրամ՝ թատրոնի տեխնիկական վերազինման համար, որից մոտ 70 մլն դրամի ձեռքբերումներն արդեն եղել են. թատրոնն այժմ ունի գովազդային LED էկրաններ, ժամանակակից թատերական պրոեկտոր և էկրան:
Ինչ վերաբերում է ձայնային, լուսային սարքավորումներին, նա տեղեկացրեց, որ 4 մրցույթ է անցկացվել, բայց մասնակիցներ չեն եղել, իսկ տարեվերջին հինգերորդ մրցույթում 280 մլն դրամի ձայնային, լուսային տեխնիկայի ձեռքբերման հարցով հաղթող եղավ: «Կառավարությունը նախատեսված գումարը փոխանցել է թատրոնին, ըստ պայմանագրի՝ մինչև 2023թ-ի վերջ ձայնալուսային սարքավորումները ձեռք կբերվեն»:,- ընդգծեց նա։
Կարո Շահբաղյանը առանձնացնելով խնդիրները, ասաց, որ մարքեթինգի մասով ունեն որոշակի բացեր, ինչը կփորձեն բարելավել այս տարվա ընթացքում։ Նշեց նաև, որ խնդիրներ կան աշխատավարձերի մասով։ «Հնարավորությունների սահմաններում պետք է փորձենք՝ պետությունն իր հերթին, մենք էլ մեր հերթին՝ միջոցներ հայթայթենք, որպեսզի աշխատավարձերը բարձրացնենք»,- ասաց տնօրենը։
Խոսելով առաջիկա ծրագրերից, Կարո Շահբազյանը տեղեկացրեց, որ թեև նախորդ տարի նախատեսել էին 4 առաջնախաղ, բայց ունեցան 9-ը, այս տարվա համար նշաձողը բարձրացրել են. «Նախատեսել ենք 8 առաջնախաղ նախորդ տարվա 4-ի փոխարեն, բայց վստահ եմ, որ ավելին է լինելու»:
Նրա խոսքով՝ փետրվարի 25-26-ին թատրոնում տեղի կունենա «Բանալի երկուսի համար» ներկայացման պրեմիերան, իսկ երկու օր հետո՝ փետրվարի 28-ին, հանդիսատեսի դատին կհանձնվի Ռիչարդ Կալինսկու «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը։ Բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է:
Կարո Շահբազյանը հայտնեց, որ Սամսոն Ստեփանյանն էլ բեմադրում է Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» պիեսը, որը նախատեսվում է ներկայացնել մարտին։
Բացի այդ, ըստ նրա, շարունակվում են նախորդ տարվա սեպտեմբերից մեկնարկած «Վեսթսայդյան պատմություններ» ներկայացման փորձերը, որի պրեմիերան տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին:
Նա նաև հայտնեց, որ թատրոնն այս տարի ևս կմասնակցի միջազգային փառատոնների։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին