276 հոգով մտանք Շուշի, 72 հոգով դուրս եկանք. Դրվագներ՝ պատերազմից
2022 թ․ սեպտեմբերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դիմավորել է զորակոչային այն սերնդի երիտասարդներին, որոնցից շատերը մասնակցել են Արցախյան երրորդ պատերազմին։ Այսօր՝ բանակի տոնին ընդառաջ, համալսարանը ներկայացրել է պատերազմին մասնակցած և 2022 թ․ աշնանը զորացրված 3 ուսանողի՝ հակիրճ կենսագրականներն ու մեկական ուշագրավ դրվագ ծառայությունից։
Արկադի Գաբրիելյանը 2020 թվականին ընդունվել է ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ (մասնագիտությունը՝ «Շուկայագիտություն»)։ Ծնվել է 2002 թ․ հունվարի 16-ին ՌԴ Գեորգիևսկ քաղաքում, ապա տեղափոխվել Տավուշի մարզի Մովսես գյուղ, ավարտել գյուղի հիմնական, ապա՝ Պոլիտեխնիկի ավագ դպրոցը։
Բանակ զորակոչվել է 2020 թ․ օգոստոսի 14-ին։ Ծառայել է Հադրութում, պատերազմի օրերին եղել առաջնագծում, նոյեմբերի 6-ից շրջափակման մեջ է հայտնվել Շուշիում, ապա՝ հրաշքով փրկվել։
Արկադին զորացրվել է 2022 թ․ օգոստոսի 2-ին և շարունակում է ուսումը նախընտրած մասնագիտությամբ։
Արկադիի պատմությունն անձնվիրության ու քաջության մասին է։ Շուշիի թեժ մարտերում հակառակորդի հարձակմանը դիմակայելու համար Արկադին և ընկերը՝ Հրաչիկ Թադևոսյանը, մինչև վերջ պայքարել են՝ չլքելով իրենց վստահված դիրքը, որն ամենակարևորն էր, ամենամեծ տեսադաշտն ուներ։ «Էն տղան, որ կարող էր իր կյանքը փրկել, ինձ թողներ-գնար, չգնաց ու ասաց՝ կա՛մ պայքարենք, կա՛մ մեռնենք միասին։ Ցավոք, դիրքը պահել չհաջողվեց, բայց մենք միասին էլ փրկվեցինք։ 276 հոգով մտանք Շուշի, 72 հոգով դուրս եկանք»,- պատմում է Արկադին։
Գոռ Դանիելյանը ծնվել է 2002 թ․ փետրվարի 26-ին Վայք քաղաքում։ Ավարտել է Վայքի ավագ դպրոցը։ 2020 թ․ ընդունվել է ՀՊՏՀ և օգոստոսի 11-ին զորակոչվել բանակ։ Ծառայել է Բերդ քաղաքի N զորամասում՝ որպես հրետանավոր։ Պատերազմի սկզբին եղել է Հադրութում, այնուհետև՝ Խնձորեսկում, Կապանում, իսկ նոյեմբերի 6-ից՝ Լաչինում։
Գոռը զորացրվել է 2022 թ․ օգոստոսի 12-ին։ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության ուսանող է։ Ցանկանում է ծրագրավորող դառնալ։
Պատերազմի թեժ շրջանում՝ հոկտեմբերի 11-ից մինչև 21-ը, վաշտը, որի կազմում ծառայում էր Գոռը, հրաշքով է փրկվում շրջափակումից։ Կամավորներից մեկի անձնազոհության շնորհիվ, որը թշնամու կրակն ուղղակիորեն իր վրա է վերցնում, փրկվում է 40 հայ զինվորի կյանք։
Արտուշ Ճաղարյանը Ճամբարակ քաղաքից է։ Ծնվել է 2002 թ․ մարտի 4-ին։ Ավարտել է Ճամբարակի ավագ դպրոցը։ 2020 թ․ ընդունվել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ՝ «Կառավարում» մասնագիտությամբ։ Նույն թվականի օգոստոսի 19-ին զորակոչվել է բանակ։ Մեկ ամիս ծառայել է Մատաղիսում, այնուհետև՝ «Եղնիկներ»-ում (Մարտակերտ)։ Զորացրվել է 2022 թ․ օգոստոսի 2-ին։
Արտուշի պատմությունը հնարամտության և մտքի ճկունության մասին է․ «Պատերազմի սկզբի օրերին հաջողվում էր կարճատև կապ հաստատել մեր ընտանիքների հետ։ Հարազատներս չգիտեին, որ դիրքերում եմ։ Հարմար պահ գտա, զանգեցի տուն։ Խոսում էի մորս հետ, ասում, որ ամեն ինչ լավ է, մենք բունկերում թաքնված ենք, մեկ էլ էդ պահին ականը պայթեց, պառկեցինք մեկս մյուսի վրա։ Մայրս հարցրեց՝ էդ ի՞նչ ձայն էր, ինձ չկորցրի ու ասացի՝ տղե՛րք, դե հերի՛ք էդ կաթսաները շուռ տաք, հիմա ստիպված նորից եք հաց սարքելու։ Մորս ասում եմ՝ կաթսան ընկավ․․․ ու ինձուինձ գոռգոռում եմ, իբր խոհարարի վրա եմ զայրանում։ Կարևորը՝ մայրս ոչինչ չկռահեց»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան