Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կհետաքննի Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հանգամանքները
Թուրքիան ակնկալում է, որ Թեհրանը կհամագործակցի Բաքվի հետ Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հարցում և կպարզաբանի միջադեպի պատճառները: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Մինչ այդ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ուրբաթ օրը Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել։ Թեհրանի ոստիկանական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ հարցաքննության ժամանակ հարձակվողը «իր դրդապատճառները բացատրել է անձնական ու ընտանեկան խնդիրներով»: ինչպես Իրանի մայրաքաղաքի ոստիկանական բաժանմունքի ղեկավար Հոսեյն Ռահիմին է ասել, հարցաքննության ժամանակ տղամարդն ասել է, որ փորձում է ազատել կնոջը, որը, ինչպես ինքն էր կարծում, երկար ժամանակ գտնվում էր դեսպանատան չորրորդ հարկում։
«Մենք մեր հարևանից՝ Իրանից ակնկալում ենք համագործակցություն ադրբեջանական կողմի հետ այս ահաբեկչության հարցում: Այդ դեպքով անհրաժեշտ է տեղեկատվության բաց փոխանակում: Դրան մենք մեծ նշանակություն ենք տալիս: Անհրաժեշտ է նաև դատարանի առաջ կանգնեցնել նրանց, ովքեր կանգնած են այս ամենի թիկունքում: Ես ևս մեկ անգամ իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական Ադրբեջանին, վերջինս երբեք ոչ մի տեղ մենակ չի լինի»,-շաբաթ օրը լրագրողներին ասել է Չավուշօղլուն։
Հարակից հրապարակումներ`
- Թեհրանի ոստիկանապետը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից
- ՌԴ ԱԳՆ. Մոսկվան ցնցված է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից
- Զինված հարձակում է տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա