«Եվ ուրեմն»՝ շնորհավորում է իշխանությունը
Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ.
Հարգելի հայրենակիցներ,
Սիրելի զինվորներ և սպաներ,
Շնորհավորում եմ ձեզ մեր Բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայկական բանակը ստեղծվեց մեր պետականության ու անկախության կերտմանը զուգընթաց և իր ձևավորման պահից բանակի գերագույն կոչումն ու առաքելությունը մեկն էր՝ մեր հայրենիքի սահմանների, մեր քաղաքացիների անվտանգության պահպանությունն ու պաշտպանությունը և ամենակարևորը՝ մեր երկրում խաղաղության երաշխավորումը:
Անցած տասնամյակների ընթացքում մեր Զինված ուժերը ծանր փորձությունների միջով անցան՝ ճաշակելով և' հաղթանակի բերկրանք, և' կորուստների դառնություն, բայց մեր բանակի վերջնական նպատակը մնացել է միշտ նույնը՝ ապահովել խաղաղություն մեր ժողովրդի համար:
Խաղաղ, անվտանգ ու պաշտպանված հայրենիք ունենալու համար հազարավոր հայոդիներ նվիրեցին իրենց կյանքը. խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ:
Սիրելի հայրենակիցներ,
Զինված ուժերի 31-րդ տարեդարձը նշում ենք պետականության համար վճռական ժամանակաշրջանում: Այսօր դեռ ապաքինված չեն 44-օրյա պատերազմի վերքերը, հակառակորդները շարունակում են իրենց ագրեսիվ հռետորաբանությունը և վերջինիս մենք՝ որպես պետություն, կարող ենք հակադրել միայն ժամանակակից, կայացած, ամուր ու պրոֆեսիոնալ բանակ:
Զինված ուժերի վերափոխման ու բարեփոխման գործում մենք, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք, բայց այդ գործում առավել էական է, թե որ սկզբունքներն ու հայեցակարգն են լինելու մեր ուղենիշերը: Այդ գաղափարները հստակ են՝ խաղաղություն, մեր պետության սահմանների ու ինքնիշխանության պաշտպանություն և անվտանգություն: Հենց այս նպատակներին հասնելու համար բանակին անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիներիս աներկբա զորակցությունը, որովհետև բանակն ինքնաբավ ու ինքնուրույն մի կառույց չէ, այլ մեր հասարակության խտացված արտացոլանքն ու պետական մտածողության բյուրեղացման արդյունքը:
Սիրելի զինվորներ ու սպաներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն, տոկունություն և ամուր կամք»։
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով.
Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ,
Հայկական բանակի զինծառայողներ, պահեստազորայիններ, գեներալներ, սպաներ, ժամկետային և պայմանագրային զինծառայողներ,
Այսօր մենք նշում ենք մեր բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը և առաջին հերթին ոգեկոչում ենք մեր այն նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի:
Բոլոր դժվարություններին հանդիման, հենց նրանք են մեզ ոգեշնչում և լիցքավորում գիտակցությամբ, որ հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ:
Այսօր հազարավոր նվիրյալներ ծառայելով հայկական բանակում՝ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանց ծառայության որակը փոխվի: Փոխվի նրանց մատուցած ծառայության որակը, փոխվի նրանց մատուցվող ծառայության որակը:
Սա է պատճառը, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, որոնց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, ավելի բարեկեցիկ դարձնելն է:
Այդ բարեփոխումների հիմքում զինվորական կրթության բարեփոխումներն են, որոնք նույնպես գտնվում են իրագործման փուլում: Ներկայումս ձեռնարկում ենք նաև սպայական ավագ դպրոցի հիմնումը, որը մեր պատկերացմամբ պիտի լինի ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխանող կրթօջախ և սպայական նոր դասի ձևավորման դարբնոց պիտի դառնա:
Առաջիկայում պլանավորում ենք բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել Հայաստանի Հանրապետությունում, և այսօր գնահատանքի հատուկ խոսքեր պիտի ասեմ մեր այն քույրերի հասցեին, ովքեր պայմանագրային ծառայություն են իրականացնում մեր բանակում, այդ թվում՝ մարտական ծառայություն:
Ընթացքի մեջ է եռամսյա վարժական հավաքները մեկամսյա կամ 25-օրյա վարժական հավաքներով փոխարինելու գործընթացը, որովհետև պահեստազորի մարտունակությունը կարևոր է նույնքան, որքան կանոնավոր զինծառայության մեջ գտնվողներինը:
Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին:
2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, և նաև այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բոլոր հարկ վճարողներին, ովքեր իրենց աշխատանքով և օրինապահ պահվածքով հնարավոր են դարձնում բարեփոխումների իրականացումն անվտանգության և այլ ոլորտներում:
Բայց բարեփոխումների գործընթացն անցնցում չի ընթանում նաև բանակում, որովհետև անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ:
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից: Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների:
Միևնույն ժամանակ, ծնկի եմ գալիս մեր այն զինվորների, սպաների, կամավորների ծնողների ու հարազատների առաջ, ովքեր Հայրենիքը պաշտպանելիս ընկել են մարտում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ: Այս ընկալման ու գիտակցության վրա են կառուցվում պետությունները:
Եվ ի վերջո, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն զինծառայողներին, շարքայիններից մինչև սպա և գեներալ, ովքեր անձնվիրաբար ծառայություն են մատուցում Հայկական բանակին, Հայոց պետականությանը:
Եղբայրական ողջույններ եմ հղում Բանակի օրը երբեմն ձյան մի քանի մետրանոց շերտով շրջապատված մարտական դիրքերում անցկացնող մեր եղբայրներին և քույրերին:
Արևը ծագելու է, գարունը գալու է: Շնորհավոր Հայկական բանակի օրը:
Եվ ուրեմն՝
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»։
Կառավարությունից հայտնում են, որ Բանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանի, Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Ն.Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հարակից հրապարակումներ`
- «Եռաբլուր գալիս է այն երևույթը, որը բանակը քանդում է, հողեր է հանձնում, տղերքի գլուխներն է ուտում»
- «Որդիների Կանչ». Թող քպականները լավ իմանան՝ քանի մենք կանք, դուք միշտ այդպես սողալով ու վախենալով պիտի շարժվեք
- Մենք ասում ենք՝ ով դավաճանել է այս երկիրը, ով հանձնել է հողերը, չպետք է մտնի Եռաբլուր. Զոհված զինծառայողի հայր
- Փաշինյանի այցին ընդառաջ՝ ոստիկանական ուժեր Եռաբլուրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան