Հայկական պատվիրակությունը մասնակցել է WEMW կինոարտադրության հարթակին
Իտալական Տրիեստե քաղաքում անցկացվող ամենամյա WHEN EAST MEETS WEST («Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին») կինոարտադրության հարթակին՝ 2023 թվականին պաշտոնական հրավերով, ներկա են գտնվել հայ կինոգործիչները, այդ թվում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը, միջազգային բաժնի ղեկավար Նաիրա Գևորգյանը, ինչպես նաև վեց հայ կինոարտադրողներ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
WEMW ամենամյա կինոհարթակն անցկացվել է Տրիեստեի 34-րդ միջազգային կինոփառատոնի (հունվարի 21-28-ը) օրերին։ WEMW-ի դիտակետում (Focus 2023) այս տարվա երկրներն են եղել՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան, Իսպանիան, Պորտուգալիան և Լատինական Ամերիկան: WEMW-ը միավորում է շուրջ 40 երկրների կինոոլորտի ավելի քան 500 մասնագետների։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը WEMW շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ազգային կինոկենտրոնի փոխտնօրենի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) կինոկենտրոնի տնօրենի, Թեսալոնիկի միջազգային կինոփառատոնի համակարգողի, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ՝ քննարկել Հայ կինոյի 100-ամյակի և 2024թ. Ս. Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։
WEMW Focus 2023-ի շրջանակում՝ հունվարի 24-ին, տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որտեղ դիտակետում գտնվող երեք երկրներ ներկայացրել են իրենց կառույցները, համատեղ արտադրության ռազմավարությունները և միջազգային համագործակցության հիմնական առաջնահերթությունները: Կինոկենտրոնի կողմից ելույթ է ունեցել ֆիլմ-հանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի ռազմավարությունը Հայաստանի մասնակցությամբ եվրոպական համատեղ արտադրությունների ֆինանսավորման գործում» թեմայով:
Տրիեստեի 34-րդ միջազգային փառատոնում՝ հունվարի 25-ին, տեղի ունեցավ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիմի ցուցադրությունը։ Բացի այդ, WEMW Focus 2023-ի փիչինգներին մասնակցած ռեժիսոր Իննա Սահակյանը՝ «Բարս Մեդիա» ընկերության «Շեքսպիրի մեղքերը» (պետական աջակցության) նախագծի համար, ստացավ նաև Բեռլինի կինոշուկայի մասնակցության անվճար հավատարմագրում (The DAE Talent Development Award in cooperation with EFM)։
Հեղինակավոր այս կինոհարթակին մասնակցությունը միտված է Կինոկենտրոնի միջազգային կապերը և գործունեությունը ամրապնդելուն, ինչը կնպաստի հայկական կինոժառանգության, դասական և ժամանակակից ֆիլմերի տարածմանն ու հանրայնացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան