Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարները «գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում. Լորենս Մարտինը՝ ՄԱԿ-ի դատարանում
«Եկել ենք խնդրելու՝ հրատապ միջամտեք վերջ դրվի շարունակվող մարդասիրական աղետին»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով դատավարական լսման ժամանակ ասաց Հայաստանի իրավախորհրդատու Լորենս Մարտինը։
Նա հայտարարեց, որ դեկտեմբեր 12-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը գրեթե ամբողջությամբ կտրված է արտաքին աշխարհից, նրանք շարունակում են զրկված մնալ սննդամթերքի, դեղորայքի, կյանքի համար անհրաժեշտ բոլոր այլ պարագաների հասանելիությունից։
«Եթե դատարանը արագ քայլեր չձեռնարկի, նրանց կյանքը կլինի վտանգված»,- ընդգծեց Լորենս Մարտինը։
Այնուհետև նաև ներկայացրեց փաստեր, որոնք դրված են միջանկյալ միջոցի վերաբերյալ Հայաստանի դիմումի հիմքում։
Նա նշեց, որ Ադրբեջանն իր հայտարարություններով, քայլերով ցույց է տալիս, որ տարածաշրջանի հայերին համարում է վերացման ենթակա, անհրաժեշտ է համարում նրանց վերացումը։
«Պատերազմից հետո մոտ 120 հազար էթնիկ հայեր են մնացել Լեռնային Ղարաբաղում, նրանք Հայաստանի, արտաքին աշխարհի հետ կապված են ընդամենը մեկ բարակ լարով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով։ Թռչելու հնարավորություն չկա, Ադրբեջանը սպառնացել է, որ կհարվածի ցանկացած օդանավ, որը կօգտագործի Ստեփանակերտի օդանավակայանը»,- ասաց Հայաստանի իրավախորհրդատուն։
Նա նշեց, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան քաղաքացիական հագուսոտվ ադրբեջանիցները, ովքեր պնդել են իբրև էկոակտիվիստներ են, զբաղեցրել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մի հատվածը։
«Պնդում են, թե բողոքի ցույց են անում իբրև վնաս պատճառող լեռնաարդյունաբերական գործունեության դեմ, որն իրակացանում է Լեռնային Ղարաբաղը։ Վատ պատրվակ էր, վատ հորինված պատմություն ի սկզբանե, որին ոչ ոք չհավատաց, որ ցուցարարներին հատկապես հուզում է շրջակա միջավայրը Լեռնային Ղարաբաղում»,- նշեց նա՝ մեջբերում անելով ադրբեջանցի իրական մի բնապահպանի գրառումից, որ՝ «պարզ է, որ բնապահպան ակտիվիստների բողոքի ցույցը հորինված պատմություն է, մեկ հոգու չեմ տեսել այնտեղ, որ մինչ այս ընդհանրապես կհոգար բնապահպանական հարցերի մասին, նրանք հարմարեցված հատուկ թատրոնում դեր խաղացողներ են»։
Ըստ նրա, էկոակտիվիստներից շատերն այնպիսի ՀԿ-ների ներկայացուցիչներ են, որոնք կամ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից, կամ Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից:
Նա ասաց, որ բնապահպաների կեղծ և շինծու բնույթը հիմնավորվում են նաև այլ փաստերով։
«Ադրբեջանցիները բնապահպանական շատ ավելի ծանր խնդիրներ ունեն իրենց տներին շատ ավելի մոտ, նավթի ու գազի շահագործումն այդ երկրում աղետալի հետևանքներ է ունեցել, այդ թվում՝ Կասպից ծովում, բայց, չգիտես ինչու, Ստեփանակերտ-Գորիս միակ մայրուղին է, որտեղ այդ ակտիվիստները որոշել են բողոքի ցույց անցկացնել»,- ասաց Լորենս Մարտինը՝ հավելելով, որ շրջափակումից հետո ցուցարարները սկսել են նորանոր պահանջներ ավելացնել, որոնք կապ չունեն իրենց, այսպես կոչված, բնապահպանական պահանջների հետ, ավելի շատ տարածքային ինքնիշխանության հետ էին կապված։
Նա ընդգծեց, որ սոցցանցերում բազմաթիվ են ցուցարարների նկարները, որոնք հայտնի համաթյուրքական, ուլտրաազգային խմբի՝ «գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում, խումբ, որը լայնորեն դատապարտվել է հակահայկական ատելության և ատելության խոսքի համար։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է հասնել նրան, ինչ Ալիևն անվանել է իր հիմնական պարտքը՝ հայերին վտարել իրենց հողերից»,- ասաց Լորենս Մարտինը։
Նա շեշտեց իր խոսքում, որ շրջափակումից անցել է 50 օր, վիճակը կրիտիկական է։
«Իրականությունը պարզ է և դաժանության աստիճանի հստակ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը պաշարման մեջ են, նրանք, ովքեր որոշել են մնալ այնտեղ, արտաքին աշխարհի հետ կապ չունեն, մարդիկ, ովքեր հազարամյակներ շարունակ այնտեղ են ապրել, այսօր նրանց համար կենսական պայմաններ չկան՝ դեղորայք, սննդամթերք, էլեկտրաէներգիա, ջեռուցում։
Ադրբեջանի ներկայացրած պատրվակը, իր գործողությունները քողարկելու համար, ամբողջությամբ հորինված է, նրանք բնավ էկոակտիվիստներ, ցուցարարներ չեն, կառավարության կողմից ֆինանսավորվող քաղաքացիներ են, պետական ծառայողներ ու զինվորականներ։ Նրանց բոլորին միավորում է մեկ բան՝ վաղուց իրենց դասավանդված խորն ատելությունը առ հայերը։ Իրենք այնտեղ են կառավարության աջակցությամբ, կառավարության օրակարգն առաջ տանելու համար՝ էթնիկ հայերի համար կյանքն անտանելի դարձնել Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի կառավարությունը, եթե ցանկանար, կվերացներ արգելափակումը, բայց դրանով հետաքրքրված չէ։
Դատարանի որոշում է անհրաժեշտ և դա հրատապ անհրաժեշտություն է»,- ասաց Լորենս Մարտինը։
Հարակից հրապարակումներ`
- Էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն և այս դատարանը Լեռնային Ղարաբաղի հայերի համար վերջին հույսն է. Եղիշե Կիրակոսյան
- Արդարադատության դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան