Ավելի քան 45 երկրների ներկայացուցիչների Ստեփանյանն ու Թաթոյանը ներկայացրել են Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է Հայկական Կարիտասի և վերջինիս միջազգային գործընկերների (Caritas-Internationalis և @Caritas Europa) կազմակերպած տեսակոնֆերանսին` ներկայացնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իշխանությունների կողմից փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Տեսակոնֆերանսին մասնակցել են Կարիտաս կոնֆեդերացիայի մեջ մտնող ավելի քան 45 ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ Այս մասին հայտնում է «Թաթոյան» հիմնադրամը, շնորհակալություն հայտնում Armenian Caritas-ին աջակցության համար:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրել է նաև ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո փաստահավաք առաքելությունների արդյունքները։
Մասնավորապես, արձանագրվել է, որ ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սահմանային բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, խոտհարքներից, վարելահողերից, որի արդյունքում առաջ են եկել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ:
Վտանգված են մարդկանց կյանքն ու առողջությունը՝ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, իսկ մի շարք գյուղերում նաև հենց գյուղերի տարածքներում անօրինական ներկայության, կրակոցների պատճառով: Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական ներկա են նաև համայնքների միջև ճանապարհներին: Այս ամենի արդյունքում խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։
«Մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարածքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից»,- շեշտել է Արման Թաթոյանը, միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ. ցեղասպան քաղաքականությունն առաջ է տարվում պետական մակարդակով:
Տեսակոնֆերանսին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության կյանքի ճանապարհի՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքները։
Ադրբեջանական իշխանությունները պարբերաբար դադարեցնում են գազամատակարարումը, արդեն ունեցել են փորձ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է նաև դեղերի հասանելիությունը:
Քննարկման ժամանակ մասնակիցներին ողջունել է Հայկական Կարիտասի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանը՝ ընդգծելով մարդասիրական ճգնաժամի կանխարգելման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած քայլի կարևորությունը, միաժամանակ, շեշտելով, որ Ադրբեջանի գործողություններն արցախահայության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ. Արման Թաթոյան
- Թաթոյան. Առանց ադրբեջանական իշխանությունների հատուկ թույլտվության «էկոակտիվիստները» չէին կարող հասնել Լաչինի միջանցք
- Ադրբեջանցի «էկոակտիվիստ» գործակալները Ստեփանակերտ վերադարձող 19 երեխայի նկատմամբ կատարել են երեխաներին ահաբեկող գործողություններ. Թաթոյան
- Մի հատ լսե´ք, իմացե´ք, թե էդ մարդիկ Ադրբեջանում ոնց են պատկերացնում Հայաստանի ապագան․ Թաթոյան
- Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար. Ստեփանյան
- 30 հազար երեխա Արցախում զրկված է Երեխաների իրավունքների կոնվենցիայով սահմանված իրավունքներից. Գեղամ Ստեփանյան
- 120.000-ից ավելի մարդ ենթարկվում է էթնիկ զտումների՝ հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով. «Թաթոյան» հիմնադրամ
- Քաղաքակիրթ աշխարհը պետք է ստիպի Ադրբեջանին դադարեցնել մարդկության դեմ իր հանցագործությունը.Գեղամ Ստեփանյան
- Գեղամ Ստեփանյան. Ադրբեջանի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ամբողջ Արցախի ժողովրդին ոչնչացնելու փորձ