ԱԱԾ-ն հայտնում է պետական դավաճանության նոր դեպքի մասին
Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։
ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ծառայության ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններից հաղորդագրությունների միջոցով ստանալով համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկություն և ընդունելով այն, պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որպիսի պայմաններում իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ՝ լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ, հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ զինծառայողներին՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին՝ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: