Ոստիկանները չեն հերքում, որ Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին իրավական պահանջ չի ներկայացվել. Պաշտպան
Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնության ենթարկելու գործով առերսումները շարունակվում են։ Սակայն, լրագրողների հետ զրույցում ծնողների պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այսօրվանը վերջին առերեսումն է, ծնողներն այլևս չեն մասնակցելու։
«Սա իրենց դիրքորոշումն է, իսկ այն բխում է հենց առերեսումների բովանդակություններից։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, առերեսումը կատարվում է դատավարական մրցակիցների միջև այն դեպքում, երբ նրանց ցուցմունքներում առկա են էական հակասություններ կոնկրետ դեպքի կամ իրադարձության վերաբերյալ։
Մենք 2-3 առերեսումից հետո տեսանք, որ ոստիկանների և ծնողների ցուցմունքներում նման հակասություններ առկա չեն։ Ծնողները նշում են, որ իրենց օրինական պահանջ ներկայացված չի եղել, բերման են ենթարկվել անօրինական կերպով, բռնի ուժ կիրառելու միջոցով, ոստիկանները չեն հերքում, որ իրականում իրավական պահանջ չի ներկայացվել, հետևաբար այս առերեսումներն ինքնանպատակ են»,- ասաց փաստաբանը։
Նրա փոխանցմամբ, Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանն իր ցուցմունքում փաստել է՝ երբ անձինք բերման են ենթարկվել, կոնկրետ այդ պահի դրությամբ ծնողների կողմից հասարակական կարգի խախտումներ, անվտանգությանը սպառնացող գործողություններ առկա չեն եղել։
Վ.Հովհաննիսյանն ընդգծեց, որ առերսումները պետք է կատարվեն տարբեր ծառայությունների ոստիկանների և հրամանատարական կազմի միջև, քանի որ նրանց ցուցմունքներում են առկա էական հակասություններ, ոչ թե ծնողների ու ոստիկանների։
«Կարող են դատավարական միջոցներ կիրառել ի հակադրություն մեր այդ դիրքորոշման։ Օրինակ, ծնողներին բերման ենթարկեն։ Թող բերման ենթարկեն։ Եթե կփորձեն բերման ենթարկելով առերեսում իրականացնեն՝ դա իրավաչափ չէ, քանի որ մենք պնդում ենք, որ չկա այս պահին հակասություններ»,- ասաց Արցախյան երրորդ պատերազմում նահատակված զինծառայողների ծնողների պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Զոհված զինծառայողներից մեկի հայրն ասաց, որ ոստիկանների ցուցմունքներում մի շարք հակասություններ կան. «Մի մասն ասում է՝ ծնողներին բերման ենթարկելու հրաման վայբերով են ստացել, մի մասն ասում է՝ Արթուր Խուդինյանն է տվել, մի մասն ասում է՝ չեն ճանաչում, քաղաքացիական համազգեստով մեկն է տվել։ Այդ հակասությունները պարզ երևացին։
Մենք մի քանի անգամ ասել ենք՝ դուք առերեսում արեք ոստիկանների մեջ, գտեք հակասությունը որտեղ է, երբ պարզ լինի, թե որ մեկի խոսքն է համապատասխանում իրականությանը, միգուցե այդ ժամանակ առերեսում լինի տվյալ ոստիկանի և մեր ծնողների միջև։
Մենք կարծում ենք՝ արդեն անիմաստ է առերեսումը, սա արհեստական ձգձգվող պրոցես է դառնում։ Իրենք ներկայացրել են, որ բոլոր ծնողները պետք է առերեսվեն բոլոր ոստիկանների հետ։ Դա ամիսներ կտևի։ Երբ գոնե մեկ ոստիկանի մեղադրանք առաջադրվի, քանի որ հենց իրենք են ասում, Արթուր Խուդինյանի խոսքում նման բան կար, որ անօրինական գործողություն է տեղի ունեցել, մենք տեսնենք, որ գործը տեղից շարժվում է, կմտածենք՝ առերեսումները շարունակվե՞ն, թե՞ ոչ։ Այսօր, կարծում ենք, ամեն ինչը արհեստական է»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր տղաները ամեն դիրքի համար կյանք են տվել, բայց իրենք դավաճանված են եղել, գլխավոր դավաճանը գլխավոր հրամանատարն է. Զոհված զինծառայողի հայր
- Գարիկ Գալեյան. Երևի պայմանավորվել են՝ որդեկորույս ծնողներից գանձած տուգանքները բաժանեն ոստիկաններին որպես հավելավճար
- Մեզ համար ամեն օրը սգո օր է, իրենց համար կերուխումների օր է. Զոհված զինծառայողի հայր
- Զոհված զինծառայողների ծնողները ՔԿ դիմաց են
- «Գնում եք տուն, համբուրում ձեր տղաներին, ես, տականքներ, երեխուս քարն եմ համբուրում». «Եռաբլուրում» բռնության ենթարկված ծնողները ՔԿ դիմաց են
- Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի