Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից.Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայում Ադրբեջանի պահանջներին
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանել է Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկմանը Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ Բաքուն հավաքել է այդ ականները ՀՀ ինքնիշխան տարածքից:
«Հայաստանն իր ինքնիշխան տարածքում ականներ տեղադրել է զուտ պաշտպանական նպատակներով, արել դա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիայի գործողությունները: Հայաստանն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղադրում՝ հատկապես քաղաքացիական տարածքներում և չի փորձում ռասայական հիմքով թիրախավորել քաղաքացիներին: Ադրբեջանն այն ականները, որոնց վերաբերյալ բողոքում է, հավաքել է Հայաստանի ինքնիշխան տարածքից, որոնք Ադրբեջանի զինված ուժերը զբաղեցրել են 2021-2022 թվականներին: Ուստի, Ադրբեջանը փորձում է իր անօրինական ագրեսիայի գործողություններից հետո հավաքած ականների հիման վրա կեղծ ապացուցողական բազա ձևավորել իր միջնորդությունը հիմնավորելու համար: Այս միջնորդությունը զուրկ է հիմքերից: Ես հուսով եմ, որ դատարանը Ադրբեջանին թույլ չի տա դատարանի վարույթը չարաշահել՝ փորձ անելով իր իսկ կատարած անօրինական գործողությունների հետևանքներից օգտվել»,- ասել է Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պահանջը հերթական ակնհայտ փորձն է ուշադրությունը շեղելու իր չարագործություններից: Կիրակոսյանն ընդգծել է՝ Ադրբեջանն իր միջնորդությունը ներկայացրել է Հայաստանի միջնորդությունից ընդամենը 6 օր անց, չնայած այն փաստին, որ իր ենթադրյալ ապացույցների մեծ մասն ամիսներ շարունակ իր տնօրինության տակ են:
Հարակից հրապարակումներ`
- Հաագայի դատարանում հունվարի 30-ին Լաչինի միջանցքի շրջափակման հարցով լսումներ կանցկացվեն
- Հաագայի դատարանը Ադրբեջանից պահանջել է կանխել հայերի նկատմամբ ռասայական ատելության տարածումը
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան