Ինչու են առաջանում սեռական բարդույթները
Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սեռական բարդույթների խնդրին, խոսել դրանց պատճառների ու հետևանքների, ինչպես նաև դրանցից ազատվելու մասին։
«Ինչու են առաջանում սեռական բարդույթները և ինչպես ազատվել դրանցից
. Առհասարակ կլինիկական գործունեության ընթացքում յուրաքանչյուր օր զույգերի մոտ հանդիպում ենք այնպիսի խնդիրների, որոնք սեռական բարդույթների ուղղակի հետևանք են հանդիսանում:
. Սեքսուալ բարդույթները (կոմպլեքսները) անհատի կողմից գիտակցված կամ չգիտակցված ապրումներն են, որոնք հաճախ ուղեկցվում են բացասական էմոցիաներով և զգալիորեն ազդում են սեքսուալ վարքի վրա: Այդպիսի կոմպլեքսներին բնորոշ է անլիարժեքության զգացումը, վախի էլեմենտները, պատժի և մեղքի ապրումները, որոնք ձևավորվում են վաղ հասակում և պայմանավորում են անձի հոգեկերտվածքը կամ վերածվում սեքսուալ խանգարումների: Հաճախ զույգերից մեկն է մյուսի համար սեքսուալ բարդույթների առաջացման պատճառ հանդիսանում: Երբեմն ամուսինը, սահմանափակելով կնոջ հետ սեռական գուրգուրանքների թույլատրելիության շրջանակը, իրենց հարաբերություններում դուրս չի գալիս իրենց իսկ ստեղծած կաղապարներից:
Ինչպե՞ս ազատվել բարդույթներից սեքսում
Զույգերի միջև կարծրատիպային և կաշկանդված հարաբերությունները հետագայում կարող են սեռական միապաղաղ կյանքի պատճառով նրանց միջև սեռական սառնության առիթ հանդիսանալ և խաթարել ներդաշնակ հարաբերությունները: Ուստի միշտ խորհուրդ է տրվում զույգերին միմյանց նկատմամբ ունենալ լիակատար վստահություն, քննարկել և ազատ ներկայացնել միմյանց սեփական ցանկություններն ու սպասումները»,-գրում է նա։