Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հաստատի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին։ Ելույթ ունենալով խորհրդարանում իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում, թուրք առաջնորդն ասել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը կարող է դրական լուծվել։
«Շվեդիան չպետք է ժամանակ կորցնի, քանի դեռ դուք թույլ եք տալիս, որ մեր սուրբ գրությունը՝ Ղուրանը, այրվի, պատռվի, և այս ֆոնի վրա ձեր իրավապահներն անգործության մատնվեն, մենք «այո» չենք ասի ձեր մուտքին ՆԱՏՕ։ Միաժամանակ մենք այս հարցում դրական ենք վերաբերվում Ֆինլանդիային»,-Էրդողանի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Թուրքիայի և Շվեդիայի միջև հարաբերությունները սրվել են հունվարի 21-ին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրումից հետո։ Անկարան հայտարարել է, որ իրենք չեն հաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու թագավորության հայտը, քանի դեռ նա չի կատարել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Թուրքիայի հետ ստորագրված հուշագրով ստանձնած պարտավորությունները։
Ֆինլանդիան և Շվեդիան դիմել են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար 2022 թվականի մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ պահանջելով քրդական կազմակերպություններին ահաբեկչական ճանաչել, ինչպես նաև արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող անձանց։
Հարակից հրապարակումներ`
- Անվտանգության նկատառումներով Ստամբուլում փակվել են Գերմանիայի և Շվեդիայի հյուպատոսությունները
- Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը կցնցի Շվեդիային. Էրդողան
- Ֆինլանդիան և Շվեդիան հանել են Թուրքիային զենք վաճառելու արգելանքը
- Թուրքիայի քաղաքացիների ավելի քան 90%-ը չի աջակցել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն
- Թուրքիայում իսլամիստները փորձել են ներխուժել Շվեդիայի հյուպատոսարան
- Էրդողանը Թուրքիայի կառավարության հետ կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը