«Ժողովուրդ». Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջ մեկ տարի է՝ մատնված է անգործության
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջ մեկ տարի է՝ մատնված է անգործության։ Ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ներկայանում է աշխատանքի, նստում համակարգչի առջև, ծանոթանում նորություններին, սրճում և հեռանում կամ լավագույն դեպքում ցուցանիշ ապահովելու համար իմիտացիա է անում:
Այդ կառույցի լիազորությունների մեջ է մտնում ընդերքի վերահսկողությունը, բայց հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող և զննող մասնագետ չկա վերահսկողական այդ կառույցում։ Տեսչական մարմնի կանոնադրության մեջ ամրագրված է ընդերքօգտագործում և ընդերքի պահպանություն իրականացնելը որպես գլխավոր գործառույթ։
Գործառույթներում նշված է նաև. «Տեսչական մարմինն իր նպատակն ու խնդիրներն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում՝ կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության և ընդերքի ոլորտներում»։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բոլոր մասնագետները վերջին մեկ տարում կա՛մ հեռացել են, կա՛մ տարբեր հանգամանքներում հեռացվել են աշխատանքից։ Այսօրվա դրությամբ տեսչական մարմինը փաստացի պարապուրդի է մատնված, և արդեն մեկ տարի է՝ Հայաստանում ոչ մի հանքավայրի գործունեություն չի ստուգվում:
Տեսչական մարմնի երկու կարևորագույն բաժիններում (Ընդերքի վերահսկողության վարչություն և Հանքային ջրերի և երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժին) մասնագետներ չկան, իսկ եղած 1-2 աշխատակիցներն էլ մանկավարժ են կամ «ֆիզկուլտուրնիկ», որոնք հանքի և հողի շերտերի մասնագիտական գիտելիքներ չունեն։ Սա ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բացն է. նա է համակարգում տեսչական մարմինների գործառույթը, զբաղվում կադրային հարցերով:
Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ նշում էր. «Ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում»։ Այս ոլորտը ստուգող մասնագետներ, սակայն, չկան պետական տեսչական մարմնում: Հիշեցնենք, որ վերջին աղմկահարույց ստուգումը եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո Վահե Հակոբյանն իր մասնաբաժինը կորցրեց այնտեղ, հետո էլ ստիպված եղավ պատգամավորական մանդատից հրաժարվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա