Առաջնության ընդառաջ Երևանում են Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարներին
Այս տարվա ապրիլին Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար Երևան են եկել Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչը:
Առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, ըստ կառավարության տարածած հաղորդագրության, նշել է, որ Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար: Ընդգծվել է, որ դրա համար առկա են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները:
Անտոնիո Կոնֆլիտին իր հերթին նշել է, որ եղել են Մարզահամերգային համալիրում և տպավորված են այնտեղ առկա պայմաններից ու հնարավորություններից:
Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվելու է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին, իսկ մրցաշարը՝ ապրիլի 15-23-ը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար լինելու է վարկանիշային: