Խնդիրը չի կարող լուծվել սեփական բնօրրանում 120 հազար մարդու բնաջնջմամբ. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ The Hill Times-ին
Կանադական հեղինակավոր The Hill Times պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառների և դրա հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից։
«Ներկայացնելով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված անմարդկային պայմանները, պարբերականը գրում է, որ հունվարի 25-ին Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը Լաչինի միջանցքի շրջափակման թեման դիտարկելու համար երկու նիստ է գումարել, որի շրջանակներում Վինձորի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Վաթերսը դեպի Արցախ մարդասիրական օգնության արգելափակումը բնութագրել է որպես «դե ֆակտո էթնիկ զտումներ»: Հոդվածում մեջբերվում են նաև հանձնաժողովի անդամներ Հիզեր Մաքֆերսոնի և Ժան-Պիեռ Գոդբաուի խոսքերը, ովքեր նշում են, որ Կանադան պետք է օգտագործի ՄԱԿ-ում իր դիվանագիտական խողովակները Լաչինի միջանցքը բացելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:
Պարբերականի հետ զրույցում Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նույնպես կոչ է արել Կանադային և միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ Լաչինի միջանցքը բացելու համար: Ռուբեն Վարդանյանը կոչ է արել «հումանիտար օդային միջանցք» ապահովել դեպի Արցախ մատակարարումներ իրականացնելու համար:
Արցախի պետնախարարը վիճարկել է Լաչինի միջանցքով երթևեկության մասին Ադրբեջանի ներկայացրած տվյալները՝ նշելով, որ դեկտեմբերի 12-ից ի վեր ընդամենը մի քանի հարյուր բեռնատար է անցել Լաչինի միջանցքով, որոնք պատկանել են ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչի միջագային կոմիտեին: «Համեմատության համար նշեմ, որ շրջափակումից առաջ օրական 800-ից 1000 բեռնատար է մտել Արցախ», - ասել է Վարդանյանը՝ ընդգծելով, որ շրջափակման հետևանքով դադարեցվել են դեղորայքի, սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարումները:
«Մեր ողջ տնտեսությունը կանգնած է, որովհետև մենք չենք կարողանում արտադրության համար որևէ ռեսուրս ներկրել կամ այստեղ արտադրվող որևէ ապրանք արտահանել», - նշել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ սահմանափակ վառելիքի և էլեկտրաէներգիայի պայմաններում դպրոցները ևս ստիպված են եղել դադարեցնել իրենց աշխատանքը: «Անընդունելի է ձմռանը 30 000 երեխաների ստիպել ապրել առանց սննդի, առանց կրթության կամ առանց գազի և էլեկտրաէներգիայի: Ադրբեջանը պետք է ընդունի, որ պետք է երկխոսություն լինի, սա չի կարող լուծվել ռազմական ճանապարհով կամ սեփական բնօրրանում 120 000 մարդու էթնիկ զտումների ենթարկելով» - ամփոփել է պետնախարարը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին