«Սա մեր մեծ երազանքն էր». Հայաստանում կկայանա 2027 թ-ի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը
Կարողացանք իրականություն դարձնել մեր մեծ երազանքը. 2027 թվականին տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում: Այս մասին այսօր «Արմենպրեսի»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը
Նրա խոսքով՝ կար մեծ ցանկություն Հայաստանում կազմակերպել միջազգային որևէ մրցաշար, հատկապես որ ունեն լավ արդյունքներ մարմնամարզությունից։
«Ֆեդերացիայում մի շարք քննարկումներից հետո, ինչպես նաև կառավարության աջակցությամբ դիմել ենք միջազգային ֆեդերացիային: Ունենք աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ուստի այդ արդյունքները նպաստեցին, որ միջազգային ֆեդերացիայի կողմից մեզ տրվի այդ հնարավորությունը՝ Հայաստանում անցկացնել նման բարձրակարգ մրցաշար։ Իհարկե, դա հսկայական ծախսերի հետ է կապված, բայց կառավարության շնորհիվ կարողացանք իրականություն դարձնել մեր մեծ երազանքը»,- նշեց Գագիկ Վանոյանը։
Ֆեդերացիայի նախագահն ասաց, որ Հայաստանի առաջ դրվել են հստակ պահանջներ, որոնք պետք է կատարեն. «Մեծ աշխատանք կա անելու և փուլ առ փուլ առաջ կգնանք։ Կասկած անգամ չունեմ, որ լավագույններից մեկն է լինելու այս մրցաշարը»։
Նա նշեց, նաև, որ Գերմանիան և Անգլիան ևս ցանկություն էին հայտնել 2027 թվականի առաջնությունն անցկացնել իրենց երկրներում։
«Եվրոպայի առաջնության անցկացումը մեծ իրադարձություն է: Սա մեր երազանքն էր, ի վերջո սրանով լուծվում է մարմնամարզության ապագայի հարցը: Այն դժվարությունները, որոնք տեսել են մենք, մեր ներկայիս չեմպիոնները, այս առանջնության անցկացումից հետո երիտասարդները չեն տեսնի»,- իր հերթին նշեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Նրա խոսքով՝ առաջնության անցկացումով Հայաստանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան 4 մարզադահլիճ, բացի այդ, մոտ 20 տարի մեր երկիրը մարզագույքի առումով ոչ մի խնդիր չի ունենա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան