Արցախում պետական աջակցություն կտրամադրվի աշխատանքը կորցրած մարդկանց
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները:
«Մենք փորձում ենք առավելագույնս աջակցել, որպեսզի աշխատատեղերը պահպանվեն: Ցավոք, այս իրավիճակում շատերը կորցրել են աշխատանքը: Մշակված ծրագրերի միջոցով փորձելու ենք հնարավորինս աջակցել թե՛ տնտեսվարողներին, թե՛ սոցիալապես ավելի դժվար վիճակում հայտնված քաղաքացիներին»,-ասել է պետնախարարը:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ,
Միջոցառումների մշակման աշխատանքային խմբի ղեկավար, պետնախարարի խորհրդական Գրիգորի Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է իրականացնել չորս ծրագիր, որոնցից երկուսն ունեն տնտեսական, երկուսը՝ սոցիալական ուղղվածություն:
Տնտեսական ծրագրերը վերաբերում են շրջափակման հետևանքով առավելապես տուժած ոլորտներին և նախատեսում են աջակցության տրամադրում տնտեսվարողներին և անհատ ձեռնարկատերերին: Ծրագրերի նպատակն է առաջին հերթին պահպանել աշխատատեղերը, տնտեսավարողներին աջակցել աշխատավարձերի կամ պարապուրդների վճարման ապահովման հարցում, իսկ անհատ ձեռնարկատերերին ամսական աջակցություն տրամադրել:
Սոցիալական ծրագրերից առաջինը վերաբերում է դեկտեմբերի 12-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց։ Եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողներն ստիպված են եղել գնալ ազատումների և կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի (եթե աշխատավարձը եղել է այդ չափից պակաս, ապա՝ այդ գումարը)։ Մյուս ծրագիրը վերաբերում է նույն ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով նրանց տրամադրվելու է որոշակի գումարի չափով աջակցություն։
Տնտեսական ծրագրերի իրականացման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, սոցիալական ծրագրերինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։ Առաջիկայում կհրապարակվեն ծրագրերի մանրամասները:
Պետնախարարը ընդգծել է միջոցառումների թափանցիկ և հասցեական իրականացման կարևորությունը: Նա հանձնարարել է հաշվարկել նաև շրջափակման հետևանքով տնտեսության կրած ընդհանուր վնասի չափը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Կանգնեցրեք այս տեռորը. Ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց
- ԵԽ բանաձևում դատապարտվել է Արցախում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը
- Իշխանության թեզը, որ Լաչինի միջացքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է, վտանգավոր է. Գեղամ Մանուկյան
- The Start Fund-ը 350.000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար
- ԱԽ քարտուղարը Ջոֆրի ֆան Լեուվենի հետ զրույցում անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին
- Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարները «գորշ գայլերի» ձեռքի շարժումն են անում. Լորենս Մարտինը՝ ՄԱԿ-ի դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան