«Մալաթիա» տոնավաճառի տնօրենն ու աշխատակիցները գնում են ՔՏՀԱ տեսչական մարմին
Մալաթիա տոնավաճառի 10-12 աշխատակից տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ պատրաստվում են գնալ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ հասկանալու, թե ի վերջո ինչ լուծում է տրվում իրենց խնդրին։
Հիշեցնենք, որ աշխատակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա են անում տոնավաճառի տարածքում՝ տոնավաճառը փակելու որոշման դեմ: Տոնավաճառն այսօրվանի չի գործում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ այն հիմքով, որ արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության ապահովման համար։
Լրագրողների հետ զրույցում Մալաթիա տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանն ասաց, որ տեսչական մարմնի հետ խոսել են, խնդրել են, որ թույլ տան աշխատել և այդ ընթացքում նաև կվերացնեն թերությունները։
«Երեկ երեկոյան տեսչական մարմինն ուղարկեց իր աշխատակիցներին, միասին նայեցինք ամբողջ տարածքը, որ շատ հրդեհավտանգ չէ։ Այսօր պետք է պատասխան տան, թե քանի օր ժամանակ են տալիս շտկելու որոշ թերություններ, որպեսզի կարողանանք աշխատել։ Հիմա 10 հոգով կգնանք տեսչական մարմին, մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը սպասում է մեզ, զրուցենք ու տեսնենք, թե ինչ կլինի վերջնական որոշումը»,- նշեց նա։
Ս. Ավետիսյանի խոսքով, արձանագրել են 17 կետով խախտում, 10-ը վերացրել են, 2-ի հետ կապված համաձայն չէ։
«Նշվում է շենքերի միջև հեռավորությունը։ Մենք 1990-ական թվականին ենք կառուցել շենքերը, ասում են՝ հեռու տարեք։ Կամ օգտագործված է նյութ, որն այն ժամանակ ընդունելի էր, 2015 թվականից փոխվել են չափանիշները։ Հիմա ասում են նյութերը փոխեք այլ նյութերով, քանի որ հրդեհավտանգ է։ Բավականին մեծ տարածք է, կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ անել»,- ասաց տոնավաճառի տնօրենը։
Նա նշեց, որ որպես խախտում մնում է ջրի շիթերի, ծխահեռացման խողովակների անցկացումն ու էլեկտրականության հետ կապված հարցերը։
«Եթե մեզ ժամանակ տան, այդ ընթացքում վերացնենք մնացած թերությունները»,- ասաց Ս. Ավետիսյանը։
Նա տոնավաճառի աշխատակիցներին խնդրեց վերադառնալ տները, վաղը ժամը 09։30 կրկին կհավաքվեն՝ ներկայացնելու տեսչական մարմնի վերջնական որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Հարգելի ղեկավարություն, ո՞ւր եք, նեղ ժամանակ կանք, հիմա չկա՞նք. Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները բողոքում են
- «Հրապարակ». «Մալաթիա» տոնավաճառից հետո «Գնունի» շինանյութի շուկան կփակվի՞
- Մալաթիա տոնավաճառում իրավիճակը գնահատվում է հրդեհապայթյունավտանգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան