Ֆեդերացիան մի շարք բռնցքամարտիկների թույլ չի տվել մասնակցել Հայաստանի առաջնությանը. ՊԲՀՖ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մի շարք ուժեղագույն բռնցքամարտիկների թույլ չի տվել մասնակցել Հայաստանի առաջնությանը: Այս մասին հայտնում է Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համահայկական ֆեդերացիան։
Հայատարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Դինամո ՄՀԿ-ում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մի շարք ուժեղագույն բռնցքամարտիկների, որոնք պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի կազմում մասնակցում են տարբեր միջազգային մրցաշարերի, թույլ չի տվել մասնակցել առաջնությանը: Այդ մարզիկների թվում է նաև Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն ու գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանի որդին:
Այդ առիթով լեգենդար բռնցքամարտիկն այսօր ռինգում իր բողոքն է արտահայտել: Հակոբկոխյանը նշել է, որ ինքն իր փառահեղ կարիերան կերտել է ռինգում ու հիմա էլ որոշել է բողոքի ակցիա անել հենց ռինգում, քանի որ իրեն ճանաչում է ամբողջ բռնցքամարտի աշխարհը։ Լեգենդար բռնցքամարտիկի խոսքով, եթե իր որդին կանոնակարգ խախտած լիներ, ապա կպատժվեր միջազգային ֆեդերացիայի կողմից:
Նշենք, որ նախորդ տարի ՊԲՀՖ բռնցքամարտիկները Լեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հրավերով Կելցեում մասնակցում էին միջազգային մրցաշարի, սակայն մրցումների կեսից հայ բռնցքամարտիկներին հեռացրին մրցաշարին, նշելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ուղարկել միջազգային ֆեդերացիա:
Մրցաշարի այդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից մի քանիսին բաժին էին հասել ադրբեջանցի մրցակիցներ, արդյունքում հաղթանակները տրվեցին հարևան երկրի բռնցքամարտիկներին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի համահայկական ֆեդերացիան հայտարարում է, որ շարունակելու է մասնակցել միջազգային տարբեր մրցաշարերի, ինչպես նաև պրոֆեսիոնալ մենամարտերի ու բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը»։