Զորամասի կացարանում հրդեհի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կապիտանի նկատմամբ
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի փետրվարի 1-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
«Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում, ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Ե.Հ.-ն 2023 թվականի հունվարի 19-ին` ժամը 00:40-ի սահմաններում, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, խախտել է շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութի՝ ավտոբենզինի հետ վարվելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջը, ըստ որի՝ հրդեհային անվտանգության նպատակով արգելվում է վառարանները վառելու համար որպես կպչան, ավտոբենզինի և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը:
Ե.Հ.-ն, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, օրվա հերթապահից ճշտելով այդ ստորաբաժանմանը հատկացված դիզելային վառելիքի և ավտոբենզինի գտնվելու վայրը, սեփական նախաձեռնությամբ, կացարանի հարակից տարածքում բացազատված ավտոհավաքակայանից վերցրել է տրանսպորտային միջոցների մեկնարկիչները գործի գցելու համար հատկացված՝ 5 լիտր տարողությամբ ավտոբենզինով լցված տասը հատ պլաստմասե տարաներից մեկը, վերադարձել է կացարան և վառարանը վառել ավտոբենզինով: Արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
ՀՀ ՊՆ համապատասխան մի շարք պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով՝ հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով չապահովելու պատճառով, կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել մարել հրդեհը, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում, կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:
Արդյունքում, Ե.Հ.-ի կողմից կացարանում հրդեհ բռնկելու և պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից հակահրդեհային պաշտպանության միջոցներով անձնակազմին չապահովելու հետևանքով՝ կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի թվով 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշում են դատախազությունից։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- 15 երեխա վառվեցին, իսկ կինն ու աղջիկը խանդավառության մեջ էին այդ օրը. Զոհված զինծառայողի հայր
- Հրդեհի գործով կապիտանը դեռևս չի հարցաքննվել
- Կացարանում հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ
- Հրդեհի գործով ձերբակալվել է զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը
- 15 զինծառայողների մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալը
- 15 զինծառայողների մահվան գործով ձերբակալված կա
- Ալեն Ղևոնդյան. 15 սպանված զինվորների թեման պատահականություն, դժբախտ պատահար կամ բառդակի արդյունք չի եղել
- Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ
- Պապիկյանը դեպքի վայր է մեկնել հրդեհից երեք օր անց
- Կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար
- Հանրային պաշտպանի գրասենյակը հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած զինծառայողներին
- 15 երեխա ողջ-ողջ վառվեցին. Զոհված հերոս Դավիթ Առուշանյանի մայր
- Բենզին չի եղել
- Ինքնապաշտպանական բնազդով 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
- Դատախազությունը՝ 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած դեպքի մասին
- Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում զինվորների մահվան պատճառ դարձած հրդեհից
- ՊՆ զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին