«Հոբելյարը». Տարբերվող ցուցահանդես՝ նվիրված Շիրվանզադեի ծննդյան 165-ամյակին
Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Հոբելյարը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված անվանի գրող, արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի ծննդյան 165-ամյակին։
Ցուցահանդեսում ներկայացված են Շիրվանզադեի գրական և ստեղծագործական գործունեության տարբեր տարիների հոբելյանական միջոցառումների հրավիատոմսեր, ուղերձներ, արխիվային լուսանկարներ, նամակներ, ստացած նվերները և այլն։
«Մենք շատ ենք անդրադարձել Շիրվանզադեին։ Նրա ամբողջական արխիվը մեզ մոտ է գտնվում, մեր մշտական ցուցադրությունում ներկայացված է։ Մտմտում էի՝ այս հոբելյանին ինչ ներկայացնենք, որ հետաքրքիր լինի, տարբերվող։ Հայտնաբերեցի, որ բավականին մեծ քանակությամբ նյութեր կան նվիրված իր գրական գործունեության 30-ամյա հոբելյանին, որը նշվել է 1911 թվականին, 50-ամյա հոբելյանին, որն արդեն սովետական շրջանում է նշվել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար, գրական բաժնի պատասխանատու Մարինե Հարոյանը։
Նրա խոսքով, շատ հետաքրքիր նյութ է ոչ այնքան գրականագիտական, որքան մշակութաբանական առումով։
Մ. Հարոյանն ասաց, որ այս ուղերձներից, հեռագրերից պարզ է դառնում, թե ինչ նվերներ են իրար մատուցել, ինչ են մաղթել, նաև առաջարկություններով հանդես եկել։
1911 թվականին Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակը նշելու համար ստեղծված է եղել հանձնաժողով։
«1911 թվականին Հայաստանը չի ունեցել պետականություն, բայց ունեցել է շատ կազմակերպված հասարակության, ժողովուրդ, կանայք ինչ դեր են ունեցել հասարակական, քաղաքական կյանքում։ Բավականին շատ հասարակական բարեգործական կազմակերպություններ են գործել»,- ասաց նա։
Շիրվանզադեն հոբելյանի առիթով նամակներ է ստացել տարբեր քաղաքներից՝ Թբիլիսի, Բաքու, Շամխոր, Ալեքսանդրապոլ, Փոթի... Եղել են նաև անհատական ուղերձներ, որոնք ավելի շատ նամակների տեսքով են եղել։
Գրական գործունեության 50-ամյակը նշելու համար նույնպես հանձնաժողով է ստեղծված եղել։ Այս շրջանի ուղերձները տարբեվում են նախորդներից, դրանք արդեն նախկին շքեղությունը չեն ունեցել։
«Շիրվանզադեն այն դասականներից է, ով իր կենդանության օրոք արդեն գնահատված է եղել, ինչպես, օրինակ, Կոմիտասը, Թումանյանը։ Նրանք մեծ ճանաչում և համբավ են ունեցել, դրա համար նրանց հոբելյաններն այդպիսի մեծ արձագանք է ունեցել»,- ասաց Գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղարը։
Թանգարանում նախկինում այս թեմատիկայով ցուցադրություն չի եղել, այժմ, Մ.Հարոյանի խոսքով, մտածում է տարբեր հեղինակներին նվիրված շարք անել, ովքեր իրենց կյանքի օրոք գնահատված են եղել ու հոբելյանները նշվել են մեծ շուքով։
Նա ասաց, որ հետաքրքրի մշակույթ է եղել, որը, ցավոք, այժմ չկա։
Նշենք, որ դեռ կենդանության օրոք Շիրվանզադեն իր արխիվի մեծ մասը, կահույքը նվիրել է թանգարանին։ Թանգարանի մշտական ցուցադրության մեջ առանձին հատված նվիրված է հենց Շիրվանզադեին, որտեղ նույնությամբ ձևավորված է Շիրվանզադեի աշխատասենյակը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները