Ուզում ենք Հայաստանը թիմ ունենա «Դուբայ 24» մրցարշավում, և Արթուր Գորոյանն իր ներդրումն է ունենալու. Արսեն Մանուկյան
«Տարին սկսեցինք հաղթանակով, որը շատ ողջունելի է։ Աբու Դաբիում կայացած վեցժամյա մրցավազքի TCR դասում հաղթել է «Sharky-Racing» թիմը, որի առաջատարը հայազգի արշավորդ Արթուր Գորոյանն է»,- ասուլիսում ասաց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։
Նա հայտնեց, որ ծրագրում են այս տարի Արթուրը մասնակցի 24 ժամ սերիայի մրցարշավներին մի քանի երկրում՝ Իտալիա, Գերմանիա, նաև 6 ժամանոց, Նյուբուրգրինգում՝ 4 ժամանոց մրցարշավներին։
«Հաջողություններ ենք մաղթում Արթուրին՝ առաջին տեղը գրավելու և կրկին հայկական դրոշը ծածանելու մաղթանքով»,- ասաց Ա. Մանուկյանը։
Նա նշեց, որ Հայաստանում այս տարի ավտոսպորտը նոր փուլ է մտնում, և քանի որ ավտոսպորտի հիմքը կարտինգն է, սկսելու են կարտինգ սպորտաձևի նախաձեռնությամբ։
«Այս տարի ուզում ենք հանդես գալ Դուբայում 24 ժամ մրցաձևում, աշխատելու ենք այն ուղղությամբ, որ Հայաստանը թիմ ունենա և Արթուրը նույնպես իր ներդրումն է ունենալու այդ մրցաշարում։ Մրցաշարին մասնակցելու են միայն հայ պիլոտներ։ Կհավաքագրվեն Հայաստանի լավագույն մարզիկներն ու կմասնակցենք Դուբայի 24 ժամ մրցաշարին»,- ասաց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։
Երևանում լրագրողների հետ հանդիպմանը Արթուր Գորոյանն ասաց, որ իր ցանկություններից է նպաստել Հայաստանում ավտոսպորտի զարգացմանը։ Ըստ նրա, ամենաիրատեսական քայլն այն է, որպեսզի տարբեր երկրներում հանդես եկող հայ պիլոտները հավաքվեն, ստեղծվի հայկական թիմ ու կարողանան մասնակցել տարբեր մրցաշարերի։
«Երեկ խոսում էի հետևորդներիս, ընկերներիս հետ, կարծիքներ էի հավաքում, պարզվեց, որ բավական աշխատանքներ տարվում են. կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են, կան մարդիկ, ովքեր արդեն իսկ օգնության հնարավորություններ են ստեղծում, Ռուսաստանից են տեղափոխվել Հայաստան և փորձում են նպաստել սպորտաձևի զարգացմանը։ Կարևորն այն է, որ հիմքը դրված է»,- ասաց նա։
Արթուր Գորոյանի խոսքով, կան շատ հայ ավտոարշավորդներ, օրինակ, Նիկոլայ Մինասյանը. «Բոլորն էլ շատ են ուզում ինչ-որ բան անել Հայաստանի համար։ Փակագծերը մի փոքր բացեմ. Իտալիայում մրցարշավի ժամանակ մենք, կարծեք, ունենալու ենք երեք հայ պիլոտ մեքենայի ղեկին»։
Հիշեցնենք, որ Արթուր Գորոյանն իր թիմակից Ռոման Մավլանովի հետ Աբու Դաբիում կայացած վեցժամյա մրցավազքի TCR դասում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։ Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ «Wolf-Power Racing» թիմից 6 վայրկյան շուտ են հասել եզրագծին ու հաղթանակ տոնել։
Աբու Դաբիում Արթուր Գորոյանի վարած «Աուդի»-ին պատկերազարդված էր Հայաստանի դրոշով, իսկ հաղթանակից հետո, ինչպես և խոստացել էր, Արթուրը պոդիում է բարձրացել Հայաստանի դրոշով։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Մանուկյան. Հայաստան չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք FIA միջազգային ասամբլեայի տարվա փակման արարողությանը
- Հայազգի արշավորդը հաղթել է Աբու Դաբիում
- Ավտոարշավորդ Արթուր Գորոյանը՝ անցած ուղու ու առաջիկա անելիքների մասին