Կոպիրկին. Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական կապերը
ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը խորացնում են համագործակցությունը։
Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական կապերը, այդ թվում` արվեստագիտության ոլորտում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հրավերով փետրվարի 1-ին հյուրընկալվել է Արվեստի ինստիտուտում։
Դեսպանը բարձր է գնահատել ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Մոսկվայի Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի ջանքերով 2022 թվականի մայիսի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Ռուսաստան-Հայաստան: Երկխոսություն արվեստի լեզվով» բարեկամական երեկոյի կազմակերպումն ու անցկացումը, որի ընթացքում տեղի է ունեցել «Россия – Армения. Диалог на языке искусства» բացառիկ համարի շնորհանդեսը և կնքվել է համագործակցության պայմանագիր ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի միջև։
ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, քննարկվել է ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև համագործակցության հետագա խորացման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակը: Որոշվել է նմանատիպ հանդիպում-քննարկումները դարձնել պարբերական:
Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել նպաստել ԳԱԱ Արվեստի ինստիտուտի՝ ռուսաստանյան կառույցների հետ կապերի հետագա ամրապնդմանը: Նա ընդգծել է ինստիտուտի կատարած աշխատանքի կարևորությունն ինչպես հայ արվեստի, այնպես էլ հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների ուսումնասիրության բնագավառում:
ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կողմից դեսպանին նվիրվել են ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ վերջին ամիսներին հրատարակված արժեքավոր աշխատություններ, այդ թվում Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը (2022), որտեղ լայնորեն ներկայացված է XVIII և XIX դարերի ռուսական կերպարվեստը, «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» (տեքստի հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյան) եռալեզու պատկերագիրքը (2022), որը նվիրված է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Փարավոն Միրզոյանի դիմանկարչության ուսումնասիրությանը, ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Բեքարյանի «Армения в судьбе Джорджа Байрона» (2023) մենագրությունը, ինչպես նաև Արարատ Աղասյանի «Ռուսական պոեզիայի գանձարանից (թարգմանություններ)» ժողովածուն (2013):