Թանգարանների անակնկալները՝ երիտասարդներին և սիրահար զույգերին
Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանն իր այցելուների համար ունի անակնկալ։ Փետրվարի 3-ին թանգարան այցելած երիտասարդները կստանան տոնի խորհրդանիշ համարվող աղի բլիթը։ Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից։
Ժողովրդական սովորույթի համաձայն՝ չամուսնացած տղաներն ու աղջիկները տոնի նախօրեին՝ երեկոյան, ուտում էին աղի բլիթ՝ հավատալով, որ երազում կտեսնեն իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին։
Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ փետրվարի 4-ին բոլոր երիտասարդների և սիրահար զույգերի համար «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի՝ այդ թվում ՝ «Շենգավիթ» և «Կարմիր բլուր» մասնաճյուղերի մուտքը լինելու է անվճար:
«Էրեբունի» թանգարանից հայտնում են, որ բացի այդ՝ բոլոր սիրահար զույգերին սպասվում է հաճելի անակնկալ: Մոտենալով «Էրեբունի», «Շենգավիթ» և կամ էլ «Կարմիր բլուր» թանգարանների համապատասխան աշխատակցին՝ հատուկ գրանցամատյանում սիրահար զույգերը կարող են նշել իրենց անուններն ու թողնել էլեկտրոնային հասցե: Հինգ աշխատանքային օրվա ընթացքում ձեզ կուղարկվի ուրարտական սեպագրով գրված ձեր և ձեր ըտրյալի անուններն ու «երջանկություն» բարեմաղթանքը պարունակող գեղեցիկ դիզայնով հագեցած բացիկներ:
Հիշեցնենք, որ Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի կնշվի փետրվարի 4-ին։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան