Փաշինյան. Կարևորում ենք պարենային անվտանգության տեղական և միութենական համակարգերի զարգացումը
«Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, փոխադարձ առևտուրը Միությունում շարունակում է դրական դինամիկա դրսևորել։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար։ Ընդ որում, ներմուծումն, ըստ ապրանքների ծագման երկրների, աճել է ավելի քան 50%-ով»,- Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ միության հետագա զարգացման համար մեզ անհրաժեշտ է շարունակել տնտեսական զարգացման ապահովմանը, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և քաղաքացիների բարեկեցությանն ուղղված ներքին հնարավորությունների ու ռեսուրսների ամուր հենքի վրա կառուցված համակարգված և հետևողական աշխատանքը:
«Այս նպատակներին հասնելու համար կարևոր է բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծումը, խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքը, ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության մեծացումը։ Իհարկե, դեռևս որոշիչ դեր են խաղում արտադրողներին՝ արտադրության բոլոր փուլերում աջակցելուն ուղղված միջոցառումները։
Այս ուղղության զարգացումը, ըստ մեր գնահատականների, թույլ կտա արդյունաբերողներին կենտրոնացնել իրենց ուժերը սեփական արտադրության վրա տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան, ավիաշինությունը, ծրագրային ապահովման արտադրությունը, դեղագործությունը և բժշկական արդյունաբերությունը:
Միության մրցունակ արդյունաբերության ձևավորումը լիովին պայմանավորված է նաև տեխնոլոգիական անկախության մակարդակով և նոր տեխնոլոգիաների ներդրման դինամիկայով։ Սրանք ԵԱՏՄ-ի մոտակա և միջնաժամկետ անվիճելի առաջնահերթություններն են»,-կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների տեխնոլոգիական անկախության ամրապնդումն ուղղակիորեն կախված է նոր տեխնոլոգիական ձևերին անցումից և չի կարող իրականցվել միանգամից։
«Մեծապես կարևորում ենք պարենային անվտանգության տեղական և միութենական համակարգերի զարգացումը։ Կարծում ենք, որ ապագայում ԵԱՏՄ անդամ պետությունների կոլեկտիվ պարենային անվտանգության համակարգի ստեղծման նպատակով համագործակցության ակտիվացումը հնարավորություն կտա բարձրացնել առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, զսպել գնաճը, ապահովել պարենային ապրանքների հասանելիությունը և ակտիվացնել փոխադարձ առևտուրը։
ԵԱՏՄ ինտեգրացիոն համագործակցության մեկ այլ կարևոր բաղադրիչ եմ համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը։
Այս համատեքստում, կնշեմ մեր շահագրգռվածությունը գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի չկարգավորված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու հարցում, և ևս մեկ անգամ հաստատում եմ դրանց լուծմանը կառուցողական մոտեցում ցուցաբերելու մեր պատրաստակամությունը։
ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի հարցերի շրջանակում Հայաստանի համար արդիական եմ համարում «Էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնների» հիմքում ամրագրված ճկուն և բազմավեկտոր մոտեցումները»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. «Ճանապարհորդել առանց COVID-19-ի» հավելվածը հիմք է ապահովում թվային բժշկության զարգացման համար
- Փաշինյանը կնոջ հետ մեկնեց Ղազախստան
- ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները փետրվարի 2-3-ին կմասնակցեն Ալմաթիում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա