Նայում եմ Ադրբեջանի ու Թուրքիայի միացյալ քաղաքականությանը և ամաչում. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
«Ես մտածում էի, թե ավելի շատ խոսք պետք է գնա, թե ինչո՞ւ է փակվել Բերձորի միջանցքը, և ինչպես պետք է բացվի այն, բայց ուրախ էլ եմ, որ այս հարցը դիտվում է գլոբալ իրականության մեջ, և ինչպես ասվեց՝ միջանցքի փակ լինելը մեր դժբախտության, կատաստրոֆիկ վիճակի մեկ բաղադրիչն է»,- Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումներին ասաց Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նրա խոսքով, Լաչինի միջանցքը միշտ եղել է հաղթաթուղթ Ադրբեջանի համար, և մեր տկարության, թուլության, ապիկարության պատճառով այսօր Ադրբեջանն օգտագործում է այն ռազմական նկատառումներով և ռազմական քաղաքականությամբ։
«Ես, իրապես, ամոթով նայում եմ Ադրբեջանի ու Թուրքիայի միացյալ քաղաքականությանը, և ամաչում եմ, թե տասնամյակներ շարունակ ինչ գրագետ են միասին գործում, իսկ մենք ապիկար, անտրամաբանական միջոցներով փորձում ենք դրա դեմն առնել, տարուբերվում ենք առավելապաշտության և նվազապաշտության միջև, սկսում ենք՝ «պայքար, պայքար մինչ վերջ»–ից և հասնում ենք այսօր ծայրահեղ մինիմալիզմի, ինչպես պարոն Արսենյանը ներկայացրեց, այսինքն՝ 120 հազարին տանք և 29 800 քառակուսու վրա 3 միլիոնին փրկենք։
Սա ծայրահեղ մինիմալիստական մոտեցում է։ Բայց ինչպես այլ անգամներ ասել եմ, այդ 120 հազարը Հայաստանի քաղաքացիներ են, և ՀՀ–ն պարտավորություն ունի այդ 120 հազարի նկատմամբ, ինչպես և պարտավորություն կունենար, եթե Սոմալիում ՀՀ 12 քաղաքացի շրջափակման մեջ լիներ։ Եվ ուրեմն, չի կարող Հայաստանն ու իշխանությունը ձեռքերը լվանալ՝ ասելով, որ այս 120 հազարը Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ո՛չ, նրանք Հայաստանի քաղաքացիներ են, ինչպես ՀՀ քաղաքացիներ են Բաքվում գտնվող գերիները, որոնցով նույնպես պետք է զբաղվի Հայաստանը»,- ասաց սրբազանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է փակվել Բերձորի միջանցքը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց. «Հստակ փակվել է Հայաստանի այդ 120 հազար քաղաքացուն իրենց բնական օրրանից դուրս մղելու ռազմական նպատակադրումով, դժվա՞ր է նկատել սա։ 120 հազար քաղաքացուն այնտեղ պահելը ստրատեգիական կարևորագույն խնդիր պետք է լինի Հայաստանի համար, Հայաստանի այսօրվա, վաղվա իշխանության համար։
Եվ պետք է թողնել տատանումները առավելապաշտության և նվազապաշտության միջև, ի վերջո հասնել քաղաքական պրագմատիզմի, հասկանալ՝ որտեղ ենք, մեր ուժերը կշռել, որտեղ ենք, որպեսզի կարողանանք այս հարցը լուծել։
Ես ունեմ ինֆորմացիայի լրջագույն պակաս, որպեսզի հասկանամ, թե որտեղ ենք մենք։ Այսօր երբ ես ուզում եմ գնալ Արցախ, ինձ ռուսը, ադրբեջանցին չի կանգնեցնում, ինձ կանգնեցնում է հայ զինվորն է և ասում՝ չես կարող գնալ։ Ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը։ Այս ամենն արվում է Հայաստանի այսօրվա իշխանության թույլտվությամբ, թողտվությամբ, և այո, ես լրջագույն կասկած ունեմ, որ համաձայնությամբ, այստեղ ես թաքուն համաձայնություն եմ տեսնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, որը երևի հետո կբացահայտվի։
Սա պետք է քանդել, բացել և այո, ես անթաքույց եմ եղել այս իշխանությունների քննադատության մեջ, շարունակելու եմ լինել, բայց չեմ էլ կիսում այն ծայրահեղ առավելապաշտական քարոզները, որոնք այն պարզ մտածումն ունեն, թե հենց սրանք հեռանան, ամեն ինչ լավ է լինելու։ Ո՛չ, շատ ավելի վատ է լինելու, որովհետև այնպիսի փոսի մեջ ենք, որ այդ փոսի մեջից դուրս գալը շատ դժվար է լինելու»,–ասաց արքեպիսկոպոս Աջապահյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունները տղաներ չեն սիրում, որովհետև նրանք չկարողացան դառնան տղա. Արա Ռոստոմյան
- Օկուպացիայի մասին հայտարարությունները, ըստ էության, ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ. Գյուլումյան
- Արա Սահակյան. Լաչինի հարցն ադրբեջանցիները սրում են, որպեսզի Սյունիքում ստանան այն, ինչ իրենց խոստացել են
- «Ո՞վ եք, արա, դուք». Լարված իրավիճակ ԱԺ-ում՝ Գուրգեն Արսենյանի ելույթի ժամանակ
- Սահմանադրության դրույթները չեն կարող քաղաքական հայեցողության միջոցով հանկարծ վերացվել. Պողոսյան
- Փաշինյանը Մոսկվայի հետ համաձայնությունը կնքում է, գնում Վաշինգտոնին ասում՝ եկեք միասին իրականացնենք.Անդրանիկ Թևանյան
- Ղարաբաղյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք. Թևանյան
- Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք անցկացնում այս լսումները. Սեյրան Օհանյան
- Lսումներ` Ադրբեջանի կողմից Արցախի միջանցքը փակելու թեմայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան