Մեղրեցի․ Մինչև հիմա տոննաներով նուռ, արքայանարինջ ունենք չիրացված
Մեղրիում սրվել է բերքի իրացման խնդիրը։ Գյուղատնտես Գևորգ Մարգարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ մասնավորապես՝ վերջին մեկ տարվա ընթացքում նռան,թզի և արքայանարինջի իրացման հետ կապված առաջացել են խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել։
«Գործարարները Իրանից, Վրաստանի միջոցով նաև Թուրքիայից, մեծ քանակությամբ ներմուծում են նուռ, արքայանարինջ՝ Արցախի և Մեղրու գյուղատնտեսությունների համար ստեղծելով դժվարություններ։ Վրաստանից անգամ ադրբեջանական նուռ է մտնում Հայաստանի շուկա։ Շուկան հագենում է, էլ մարդիկ չեն գալիս այստեղից տանելու։ Կառավարությունը չպետք է թույլ տա նման բան։ Տեղական արտադրողի բերքը մնում է, չենք կարողանում իրացնել։ Շատ երիտասարդներ վարկեր են վերցրել, այգիներ հիմնել, ծախսեր կատարել ՝ ապագայի հետ հույսեր կապելով, բայց մինչև հիմա մարդիկ տոննաներով նուռ , արքայանարինջ ունեն չիրացված։ Մի մասը ստիպված օղի է թորում, թե ինչ է լինելու հետո, չգիտենք»,- ասաց մեղրեցի
Մարգարյանի խոսքով՝ նախ պետք է տեղական արտադրությունն իրացնել, հետո մտածել դեֆիցիտը լրացնելու մասին։
«Շատ գյուղացիական տնտեսություններ սկսել են հատել նռան ծառերը։ Մտածում են այլ պտղատու ծառ տնկելու մասին, որ իրացնելը հեշտ լինի»,- ասաց Մեղրի քաղաքի բնակիչն ու շարունակեց.
«Վրաստանից արքայանարինջը բերում են Հայաստան էժան գնով՝ 80 -100 դրամով, 150 դրամով էլ՝ վաճառում։ Էլ առևտրականը դուրս չի գալիս հասնի Մեղրի։ Մարդիկ ամբողջ տարի օձերի հետ «կռիվ» են անում, բերք աճեցնում, իսկ վերջում՝ դատարկ նստում։ Մեղրեցիները ստեղծող են, եթե իմանան իրենց բերքը կիրացվի, անկախ դժվարությունից ամեն ինչ էլ կստեղծեն»։
Բացի այս, սառնարանային տնտեսությունների թիվը տարածարաշրջանում քիչ է։
Գյուղատնտեսը կարծում է, որ պետական միջոցներով կամ դրամաշնորհների միջոցով հնարավոր է ավելացնել քանակը՝ բերքի կորուստները մեղմելու համար։ Իսկ բուն գյուղատնտեսական մթերքների իրացման հետ կապված խնդիրներով,եթե պատկան մարմինները շուտափույթ չզբաղվեն, ապա սահմանամերձ բնակավայրում ապրելն ու ներդրումներ կատարելը ռիսկային է դարձել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին