Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով. Սուրբ Սարգիս եկեղեցում իրականացվել է զինվորների օրհնության կարգ
Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որն այս տարի նշվում է փետրվարի 4-ին, մեծ ժողովրդականություն է վայելում: Տոնի կապակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագ մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, որից հետո իրականացվեց զինծառայողների օրհնության կարգ:
Սուրբ պատարագի ավարտին զինվորները ստացան հաղորդություն, որից հետո Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ զինծառայողների պարգևատրման արարողությունը:
Նավասարդ սրբազանի նախագահությամբ՝ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, ինչից հետո Սրբազան հայրը նահատակված զինվորների հոգիների հանգստության աղոթք բարձրացրեց առ Աստված:
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, դիմելով զինվորներին և բոլոր ներկաներին, նշեց, որ այս նվիրական պահին միաբանողն ազգային սերն է:
«Այն սերը, որ կարող է բնորոշվել մեկ հասկացությամբ՝ հայրենասիրություն, եղբայրասիրություն և միաբանություն: Սիրելի՛ զավակներ, դուք հայրենյաց անվախ պաշտպաններն եք, կրողը այդ հզոր ոգու, և ամենօրյա հավատարմությամբ ծառայում եք հայրենիքին ու Աստծուն, քաջաբար և անհողդողդ կանգնում բարբարոս թշնամու առաջ:
Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով, մեր սիրո բազում դրսևորումներով և հոգու ջերմությամբ: Միշտ հիշեք մի ամբողջ ազգ ամեն օր քաջալերվում է ձեզանով, ձեր արիությամբ և անկոտրում հավատքով: Մեր խոնարհումն ենք բերում ձեր մայրերին՝ քաջազուն զավակներ ծնելու և հայրենիքին անմնացորդ նվիրաբերելու համար»,- ասել է Նավասարդ Սրբազանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պետական սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն 20 զինծառայողներ պարգևատրվեցին թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա