Դմիտրի Տրենին. Հարավային Կովկասում շատ բան կախված է Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ելքից
«Անգլիական մի ասացվածք կա՝ պետք է շատ վատ լինի, որ հետո լավ լինի։ Ինձ մոտ ավելի քան տասը տարի այսպիսի տպավորություն է՝ պետք է վատ լինի, որ հետո ավելի վատ լինի։ Հիմա մենք հասել ենք պիկին»,-խոսելով Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մասին՝ ասաց քաղաքագետ, Քարնեգի մոսկովյան կենտրոնի նախկին տնօրեն, Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ Դմիտրի Տրենինը։
Նա առցանց կերպով մասնակցում է «Հայաստանն ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատումը. 2022թ. Արդյունքները» թեմայով Երևանում անցկացվող տեսակոնֆերանսին։ Միջոցառումը կազմակերպվել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ու Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի համագործակցությամբ։
Դմիտրի Տրենինի խոսքով, այս պահին Ռուսաստանը փորձում է ինքնուրույն պայքարել ու առաջ մղել իր ազգային արեժքները, իսկ Արևմուտքը ստիպում է նրան ենթարկվել այն կանոներին, որոնք սահմանում է ու երբեմն փոփոխում է ինքը։
Քաղաքագետն ընդգծեց, կանախատեսումներն անելը հիմա բարդ է, բայց իր ենթադրությամբ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև պատերազմը ձգվելու է 2-3 տասնամյակ, հնարավոր է՝ ավելի երկար, քանի դեռ նոր նորմերի մասին համաձայնության կողմերը չեն հասել։ Թե որոնք կլինեն նոր նորմերը, դժվարանում է ասել։
Տրենինի խոսքով, Եվրասիայում, նաև Հարավային Կովկասում շատ բան կախված է Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունների ելքից, եթե Ռուսաստանը հաղթի, որին անձամբ ինքը հավատում է, Եվրասիայում իրավիճակը ավելի կայուն կլինի, Ռուսաստանի համար նոր հնարավորություններ կստեղծեն նոր համակարգեր, կարգ ու կանոն ստեղծելու համար, իսկ պարտության դեպքում սպասվում են նոր հակամարտություններ։
«Անկայունություն կլինի նաև Հարավային Կովկասում, կարող է վերսկսել վրաց-աբխազական հակամարտությունը, իրավիճակը կարող է սրվել այնտեղ, որտեղ դուք ապրում եք»,- հայաստանցի մասնակիցներին ասաց տեսակոնֆերանսին առցանց միացած քաղաքագետը։
Դմիտրի Տրենինը նշեց, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ինքն է որոշում իր հարցերը, միաժամանակ Ռուսաստանի դաշնակիցն է։ Մոսկվայում ուշադրությամբ են հետևում հնարավոր նոր դաշնակիցներ ունենալու տարբեր ձգտումներին։
«Դրա մեջ արտասովոր ու դատապարտելի ոչինչ չկա։ Բայց պետք է որոշակիացնել։ Ցանկացած ընտրություն ունի իր գինը։ Մենք շատ ուշադիր կհետևենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Մենք նախ և առաջ նկատի ենք ունենալու Ռուսաստանի ազգային շահերը, բայց պետք է հասկանալ, որ Ռուսաստանը Խորհրդային Միությունը չէ, ռուսական կայսրությունը չէ, չենք էլ պատրաստվում ստեղծել ոչ միություն, ոչ էլ կայսրություն»,-ասաց կոնֆերանսի մասնակից ռուս քաղաքագետը՝ կարևոր համարելով, որ Ռուսաստանն ու Հայաստանը իրար շատ լավ հասկանան ու թույլ տան հնարավորինս քիչ սխալներ։
Քննարկմանը կարող եք հետևել Para TV-ի ուղիղ եթերում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան