ԿԳՄՍՆ. 2023 թվականին նախատեսվում է իրականացնել 12 հուշարձանի վերականգնում
Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թ. նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 30 %-ով՝ կազմելով շուրջ 400 մլն ՀՀ դրամ: Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ, 2023 թ. հատկացված է 660 մլն, որը նախատեսվում է հասցնել 1 մլրդ ՀՀ դրամի:
«2027 թ. պետական բյուջեից բնագավառին հատկացումները նախատեսում ենք հասցնել մինչև 2 մլրդ ՀՀ դրամի: Այս գումարների հիմնական մասը ծախսվում է գիտանախագծային աշխատանքների և բուն վերականգնումների համար: 2023 թվականին նախատեսում ենք իրականացնել 12 հուշարձանի վերականգնում»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը և հավելել, որ վերականգնվող հուշարձանների թիվն այս տարի աննախադեպ է:
Նախարարի տեղակալի խոսքով՝ ոլորտի քաղաքականության մեջ ուշադրությունն ուղղված է պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձաններին՝ բերդերին և ամրոցներին.
«Համոզված ենք, որ սա կրթության կարևոր մի բաղադրիչ է, այսինքն անձը մանկուց պետք է ճանապարհորդի Հայաստանով և տեսնի այն բերդերը, ամրոցները, խորհրդանիշները, որոնք պատմական նշանակություն ունեն երկրի և պետականության համար, ինչն էլ անձի մոտ վերաբերմունք է ձևավորում իր երկրի նկատմամբ»:
Անդրադառնալով պետություն-մասնավոր հատված համագործակցությանը՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս համագործակցության շրջանակում շարունակական վերականգնման փուլում են գլխավորապես պաշտամունքային նշանակության ավելի քան 10 հուշարձաններ: Մինչև 2027 թ. դրանց թիվը նախատեսվում է կրկնապատկել: Բարեփոխումներ են նախատեսված թանգարանների ոլորտում Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է նաև, որ հիմնական բարեփոխումները նախատեսված են թանգարանների ոլորտում։
Նա մատնանշել է էլեկտրոնային տոմսային միասնական համակարգի ներդրումը, որը, որպես պիլոտային ծրագիր, սկզբնական շրջանում կներդրվի ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններում: Այն հնարավորություն կտա ապահովելու թանգարանային այցելությունների համակարգված կազմակերպում, տոմսային տնտեսության և ֆինանսական հոսքերի կառավարման ժամանակակից գործիքակազմի ներդրում:
«Այս ծրագիրը միտված է ոլորտում թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև ներառում է հարմարավետության բաղադրիչը: Թանգարանի այցելուները հնարավորություն կստանան ձեռք բերելու էլեկտրոնային տոմս, գնային ճկուն համակարգ՝ ստանալ զեղչ մի քանի թանգարանի տոմս ձեռք բերելու պարագայում: Այս համակարգի ներդրումը ժամանակի հրամայական է. մրցույթի առաջին փուլն արդեն տեղի է ունեցել, երկրորդը կհայտարարվի առաջիկայում»,- տեղեկացրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան