Փետրվարին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կլինի նորմայից բարձր 1-2 աստիճանով
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8°C, ինչը 1°C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:
Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Երևանում 1885-2010թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8°C:
Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:
Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20°C (1955թ.), Կապանում` +26°C(1955թ.):
Նշվում է, որ 2023 թ-ին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը նորմային մոտ՝ դրական շեղումով։
Ըստ կենտրոնի՝ փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, որը տարեկան նորմայի 7%-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ:
Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21մմ, 1200-2000մ բարձրությունների վրա 32-37մմ, 2000-2500մ բարձրությունների վրա` 40-50մմ, ավելի բարձր` մինչև 80մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30մմ։
Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997,2006 թվականներին:
Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:
Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է։
Նշվում է նաև, որ մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974թ. և 1993թ. համապատասխանաբար 22 և 25օր):
Բացի այդ, փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35մ/վրկ, պոռթկումները` 40մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12 օր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան