Մայրիկները պետք է համոզեն իրենց ամուսիններին, որ բալետն առնական մասնագիտություն է.Հայաստանում է Նինո Անանաշվիլին
Հայաստանում է Վրաստանի և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բալերինա Նինո Անանաշվիլին։ Նա համագործակցելու է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի հետ։
«Նինո Անանաշվիլին բալետի աշխարհի ամենահայտնի դեմքերից է։ Մեզ համար մեծ պատիվ է իր հետ համագործակցությունը։ Լինելու են մաստեր կլասեր, փորձի փոխանակումներ։ Բանակցությունների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ մեր բալետի արտիստները կմեկնեն Թբիլիսի, մեկ շաբաթով կմասնակցեն դասընթացների։ Այդ ամենն անվճար է լինելու, քանի որ բալետի աշխարհի արտիստները փորձում են իրար օգնել»,- լրագրողներին ասաց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դիրիժոր Կարեն Դուրգարյանը։
Նա նշեց, որ համագործակցության շրջանակում պարուսույցների մեծ թիմ է գալու Վրաստանից, Ռուսաստանից, որպեսզի կարողանան հայկական բալետը բարձրացնել։
«Ինչո՞ւ բալետը։ Միշտ հարց է բարձրանում, թե օպերան, կարծես, երկրորդ պլան է մղվել, ուշադրություն չենք դարձնում։ Իրականում այդպես չէ, ուղղակի Հայաստանում բալետի խնդիրներն այնքան շատ են, որ ստիպված ենք արագ քայլերով բալետի հարցերը լուծել։ Ուսումնարանում կան ուսանողներ, վերջին շրջանավարտ տղաները գալու են թատրոնում աշխատել, այնուհետև ունենալու ենք մեծ բաց, տղա ուսանողներ այլևս չկան։ Լուրջ խնդիր է։ Փորձում ենք լուծել այս հարցերը»,- ասաց Կ.Դուրգարյանը:
Նինո Անանաշվիլին ասաց, որ ուրախ է համագործակցության համար։ Ըստ նրա, առանց թիմի, աջակցության հնարավոր չէ իրականացնել այն, ինչ ծրագրել է Կարեն Դուրգարյանը։
«Ես արդեն չեմ պարում։ Շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներին Վրաստանում, Ռուսաստանում, Ամերիկայում, ամբողջ աշխարհում և այն, ինչ ստացել եմ՝ փորձ, գիտելիք, պատրաստ եմ կիսվել երիտասարդ սերունդի հետ, քանի որ նրանք մեր գեղեցիկ արվեստի շարունակությունն են։
Բալետը երաժշտության, վիզուալ գեղեցկության, սցենոգրաֆիայի, պարի, մարմնի եզակի միաձուլում է։ Երբ տեսնում ես արդյունք՝ մեծ երջանկություն է»,- նշեց պարուհին։
Նրա խոսքով, բարդ մասնագիտություն է, բայց եթե սիրում ես գործն ու բարձր մակարդակի հասնում, հիանալի կյանք ես ունենում. «Միջազգային լեզու է, որը սահմաններ չունի։ Դա համագործակցություն է»։
Ամերիկացի քննադատները Նինո Անանաշվիլուն անվանել են՝ «դասական բալետի անվիճելի գերաստղ»։
Ըստ նրա, նման գնահատականի հասնելու համար անհրաժեշտ է դպրոց, բնատուր ունակություններ։
«Խելք է պետք։ Առանց խելքի հնարավոր չէ։ Ճիշտ չէ այն պատկերացումները, որ բալետում գլխավորը ոտքեր ունենալն է։ Ամեն ինչ գալիս է գլխից։ Նաև համբերությունը, համբերել ու հաղթահարել դժվարությունները։ Առանց սրանց հնարավոր չէ անցել այն էտապները, որոնք պետք է անցնեն բալետի պարողները։
Անհրաժեշտ է ներքին ուժ։ Իսկ դա հնարավոր է ուսուցիչների, ծնողների աջակցությամբ։ Երբ դու արտիստ ես, պետք է շատ դժվարություններ հաղթահարես։ Շատ բան կախված է նաև իրավիճակից, ուսուցիչներից»,- ասաց Նինո Անանաշվիլին։
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, որ բավականին արագ է դարձել ժամանակների ամենապահանջված բալերինան, կա ի՞նչ որ գաղտնիք կարճ ժամանակահատվածում նման հաջողության հասնելու համար և ի՞նչ խորհուրդներ կտա երիտասարդ սերունդին, պարուհին ասաց. «Ինձ համար հիանալի ժամանակներ էին, պատճառն էր վերակառուցման շրջանը, ազատությունը, որը ես ստացա։ Վերակառուցումն ինձ պարելու հնարավորություն տվեց։ Մոտ 15 տարի՝ non-stop։ Այստեղից այնտեղ էի գնում, ամուսինս էր բերում-տանում կոստյումներս։ Այնքան գիտելիքներ ստացա այդ տարիներին։
Չգնալով Մեծ թատրոնից, ես պարեցի նաև ամերիկյան բալետային խմբում։ Այդպես որևէ մեկը չէր անում։ Օրինակ էի երիտասարդ սերունդի համար, որ պետք չէ անպայման հեռանալ քո թատրոնից ու դառնալ աստղ։ Դա ապացուցեցի նաև թատրոնների տնօրեններին»։
Նա ընդգծեց, որ հայրենիքում՝ թբիլիսյան բեմում պարելը լրիվ այլ զգացողություն է.
«Մարդիկ քեզ սպասում են և այդ ծափահարությունները... հնարավոր չէ բառերով արտահայտել։ Մենք պետք է օգնենք մեր երկրներին, թատրոններին։ Չնայած ես ամբողջ կյանքս պարել եմ Մեծ թատրոնում, միշտ երջանիկ եմ եղել, որ ներկայացում եմ Վրաստանը։ Ինձ համարում են ռուս պարուհի և դա ինձ չի զայրացնում, քանի որ ես սկզբից մինչև վերջ սովորել եմ ռուս ուսուցիչների մոտ։ Բայց ես վրացուհի եմ, Վրաստանն ինձանից որևէ մեկը երբեք չի խլի։ Ես ռուս պարուհի կլինեմ, բայց վրացուհի կմեռնեմ։
Բալետն այնպիսի արվեստ է, որը չունի ազգություն, սահմաններ, միասին ենք ստեղծում այդ արվեստը»։
Նա նույնպես որպես խնդիր առանձնացրեց տղա պարողների պակասը.
«Տղաներին չեն բերում բալետի դպրոց, բայց ժամանակն է այդ մտածողությունը փոխել։ Մայրիկները պետք է համոզեն իրենց ամուսիններին, որ մեր մասնագիտությունը շատ առնական է։ Դե բարձրաձրեք ձեռքի վրա պարուհուն, ինչքան էլ փոքրիկ լինի, պահեք ձեռքի վրա։ Մեր տղաներն աղջիկներին ձեռքերիի վրա են տանում։ Եվ թագուհիներն են գեղեցիկ, և ջենթլմենները»։
Նինո Անանաշվիլին նաև ընդգծեց, որ արվեստի դպրոցներում, թատրոնում դաստիարակվող երեխաները զարգանում են այլ կերպ, ու եթե նույնիսկ չեն դառնում պարող, երաժիշտ, նրանք դառնում են լավ հանդիսատես։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին