Օգնության կանչին արձագանքած պարեկներին ծեծած տղամարդը կալանավորվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ պարեկային ծառայության երկու ծառայող, 2023թ. հունվարի 28-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, ժամը 23:15-ի սահմաններում, լսելով օգնության կանչ, մոտեցել և առաջին բուժօգնություն են ցուցաբերել Կոմիտասի պողոտայում գետնին ընկած մի կնոջ, նրան նստեցրել են ծառայողական մեքենան և տեղափոխել «Արաբկիր» ԲԿ:
Ճանապարհին մեքենայում գտնվող հիշյալ կինը և նրան ուղեկցող տղամարդը սկսել են հայհոյանքներ հնչեցնել: Հասնելով բժշկական կենտրոն՝ նշված անձինք շարունակել են իրենց ոչ ադեկվատ պահվածքը: Պարեկային ծառայության պարեկները պահանջել են չխոչընդոտել իրենց կողմից իրականացվող օրինական ծառայողական գործունեությանը, որի ընթացքում հիշյալ տղամարդը, գտնվելով «Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ, մոտեցել է պարեկներից մեկին և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ՝ աջ ձեռքով հարվածելով գլխին:
ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերոնշյալ պարեկը ճանաչվել է տուժող:
Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան