Առաջիկայում Հայաստան է այցելելու Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը․ Դեսպան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու Իտալիայի Հանրապետության մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը քննարկել են Իտալիայի մշակույթի նախարարի այցելության նպատակի և օրակարգի վերաբերյալ տարաբնույթ հարցեր:
Կարևորելով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ իրականացվող ծրագրերը, փորձի փոխանակումները՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրանք ստեղծում են նոր հնարավորություններ՝ արդյունավետ համագործակցությունն ընդլայնելու համար:
Հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել և հստակեցվել են մշակույթի ոլորտում առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերը, դրանց ձևաչափերը, ինչպես նաև ժամանակացույցը:
ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը սկսվում է մշակութային հարաբերություններից, և Իտալիայի հետ Հայաստանի համագործակցությունն առավել ակտիվ է մշակութային ոլորտում:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև միջբուհական համագործակցության կարևորությունը՝ հատկապես իտալական փորձի փոխանցման տեսանկյունից:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցություն ծավալելու մշակութային ժառանգության պահպանության և արվեստի ստեղծագործությունների վերականգնման գործում»,- ասվում է հաղորդագրությունում: