Չգծված ափեր. լուսանկարներ հետխորհրդային միջանկյալից
Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկում է «Չգծված ափեր. լուսանկարներ հետխորհրդային միջանկյալից» նախագիծը, որի նպատակն է անդրադառնալ այն ընկալումներին, որոնք նպաստել են Հայաստանում, Ուկրաինայում և նախկին Խորհրդային Միության այլ երկրներում հակամարտությունների առաջացմանը։
Հայաստանի ազգային պատկերասրահից մանրամասնում են՝ քսան աշխատանքներից կազմված ցուցահանդեսը ներկայացնում է սկսնակ ու կայացած հայ և ռուս լուսանկարիչների, որոնք օգտագործում են իրենց արվեստը իբրև սոցիալ-քաղաքական ու մշակութային իրողությունների շուրջ խորհելու, դրանք կազմաքանդելու և վերադասավորելու միջոց։ Նրանք քննադատության են ենթարկում «ծայրամասի» և «կենտրոնի» կործանարար պատկերացումներին հանգեցնող հարացույցերը՝ տեսանելի դարձնելով այն «միջանկյալ» ինքնություններն ու տարածությունները, որոնք առաջացել են հետխորհրդային ժամանակաշրջանում։
Ցուցահանդեսում ընդգրկված պատկերներն առաջ են բերում «հետխորհրդայինը»՝ որպես հեղհեղուկ և չհանգուցալուծված մի երևույթ։ Ձայների, հայացքների և ինքնությունների բազմազանությունն այստեղ ի հայտ է գալիս լուսանցքներից՝ մատնանշելով տարբերություններն ու ակնարկելով այն նոր ու կառուցողական պատումները, որոնք դեռևս հնարավոր է փրկել «խորհրդային ուտոպիայի» գաղափարական փլատակներից:
Առաջին անգամ է, որ նման համատեղ լուսանկարչական միջոցառումը Հայաստանում նախաձեռնվել է հայկական և ռուսական անկախ կազմակերպությունների կողմից՝ օգնելով ընդլայնել ու խնդրականացնել այն դիսկուրսները, որոնք սովորաբար ձևավորվում են խոշոր ինստիտուցիաների կողմից։ Դիտարկելով Հայաստանը որպես «հետգաղութային հուզումների» տարածք՝ այս ցուցահանդեսի նախաձեռնումը նախկին Խորհրդային կայսրության «ծայրամասում» հնարավորություն է ստեղծում քաղաքական, մշակութային և ուրբանիստական «կենտրոնի» գաղափարը վերածելու քննադատական հարցադրման առարկայի։
Ըստ ցուցադրության համադրող Վիգեն Գալստյանի՝ «ներկայիս քաղաքական մթնոլորտում, երբ առճակատման գոտիներն այդքան խիստ են գծված, այս ցուցահանդեսը բացահայտում է մշակութային և սոցիալական «միջանկյալի» փոփոխականությունը, որը լուսանկարչությունը օգնում է դարձնել ավելի համակարգված և ըմբռնելի»։ Նախագիծը, ինչպես նշում է համադրող Վիկտորյա Մուսվիկը, «նաև մեր ուշադրությունն է հրավիրում համագործակցության և մարդկային կապերի նշանակությանը՝ խթանելով երկու մշակույթների միջև ոչ հիերարխիկ, միմյանց չվնասող երկխոսություն և ողբերգական իրադարձություններն ապրումակցելու տարածք, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք փոխել ապագայի համար»։
Նախագիծն իրականացրել է 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը: Համակազմակերպիչ`«Էքսպերիմենտ» առցանց պատկերասրահ: Ցուցադրությանը զուգահեռ, նախագծի շրջանակում ստեղծվել են ցուցադրված աշխատանքների սահմանափակ քանակությամբ պորտֆոլիոներ, որոնք կնվիրաբերվեն Հայաստանի ազգային պատկերասրահին և միջազգային չորս թանգարանների հավաքածուներին։
Համադրողներ՝ Վիգեն Գալստյան, Վիկտորյա Մուսվիկ
Ցուցահանդեսի մասնակիցներ՝ Նազիկ Արմենակյան, Անուշ Բաբաջանյան, Տանյա Չայկա, Անի Գևորգյան, Ալիսա Գորշենինա, Իրինա Գրիգորյան, Ալեքսանդր Գրոնսկի, Արման Հարությունյան, Անահիտ Հայրապետյան, Փիրուզա Խալափյան, Արամ Կիրակոսյան, Կարեն Միրզոյան, Սերգեյ Նովիկով, Նատալյա Ռեզնիկ, Իլյա Ռոդին, Մաքս Շեր, Նելլի Շիշմանյան, Ֆյոդոր Տելկով, Իգոր Տերեշկով, Անաստասիա Ցայդեր, Ալեքսեյ Վասիլև
«Չգծված ափեր. լուսանկարներ հետխորհրդային միջանկյալից» նախագիծը ֆինանսավորվում է Գյոթե ինստիտուտի «Մշակույթի և կրթության կայունացման» հիմնադրամի կողմից, որպես Ուկրաինայի դեմ պատերազմի ազդեցությունից տուժած մշակութային և կրթական կազմակերպությունների աջակցության նախաձեռնություն:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 8-ին, ժամը 18:00-ին: Մուտքը՝ Հանրապետության հրապարակից և Արամի փողոցից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան