Մենք րոպեներ առաջ տեղեկացանք, որ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ազատվել է աշխատանքից. Վաղինակ Հակոբյան
«Այս հարցով հիմնական զեկուցող էր հանդիսանում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, սակայն մենք րոպեներ առաջ տեղեկացանք, որ նա ազատվել է աշխատանքից, այդ իսկ պատճառով օրենքը կզեկուցի նախարարի մյուս տեղակալ Ռաֆայել Գևորգյանը»,-ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց նախագահող Վաղինակ Հակոբյանը:
Փոխնախարարը զեկուցեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
«Մենք ունեք պետական տուրք որոշ ապրանքների արտահանման համար և նման տուրքը կիրառելի չէ ԵԱՏՄ կարգավորումներով այդ երկրներ արտահանելու դեպքում, սակայն օրենքում նման ամրագրում չունեինք արած»,-հայտնեց Ռաֆայել Գևորգյանը և հավելեց, որ նախագծով այդ ամրագրումն է արվել:
Նրա խոսքով ՝ այդ փոփոխությունները բխում են ԵԱՏՄ-ում ունեցած ՀՀ-ի պարտավորություններից և այլ կերպ չէին կարող վարվել, եթե ապանքն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ:
Նախարարը նաև հայռտնեց, որ նախագծի վերաբերյալ մի շարք տեխնիկական բնույթի փոփոխությունների առաջարկներ են եղել, որոնք բոլորն ընդունվել և մշակվել են:
«Նախագծի էություն վրա ազդեցություն չունեցող փոփոխություններ են եղել»,-հայտնեց նա:
Նախագիծը վերաբերում է համապատասխան ապրանքների ծածկագրերի տակ դասվող մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների յուրաքանչյուր տոննայի արտահանմանը, ինչպես նաև գունավոր մետաղի թափոններին և ջարդոնին:
Արմեն Արզումանյանի փոխարեն Ռաֆայել Գևորգյանը զեկուցեց նաև «Ապրանքային նշանների մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը՝ առաջարկելով հետաձգել վերջինս:
Հանձնաժողովն առանց քննարկման հետաձգեց այն և, ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու երկու տարբեր նախագծերը, 15 րոպեում ավարտեց նիստը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ի` 1000 եվրո անմաքս առևտրի շեմի փոխարեն ընդամենը 200 հազար դրամ․ Գառնիկ Դանիելյան
- ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները փետրվարի 2-3-ին կմասնակցեն Ալմաթիում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին
- ՊԵԿ. Ծխախոտային և ալկոհոլային որոշ ապրանքներ ՀՀ-ում ենթակա են ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման
- ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 82.7%-ով. Վաղարշակ Հակոբյան