Մարզումների ժամանակ մենք միշտ միասին ենք մարզվում, պայքարում էլ նման զգացողություն էր․ Արմեն Գրիգորյան
Բաթումիում տեղի ունեցավ բռնցքամարտի Վրաստանի առաջնությունը, որին մասնակցում էին ախալքալաքցի 11 մարզիկներ։ Jnews-ի փոխանցմամբ՝ բացի այն, որ ախալքալաքցի մարզիկները փայլուն արդյունքներ գրանցեցին, նվաճած մեդալների քանակով, նրանք ցուցադրեցին նաև դասական, գեղեցիկ բռնցքամարտ՝ ռինգ դուրս գալով միմյանց դեմ չեմպիոնության տիտղոսի համար պայքարում։
Վրաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության արդյունքներով ախալքալաքցի 5 բռնցքամարտիկներ արժանացան Վրաստանի չեմպիոնի կոչմանը և վերադարձան ոսկե մեդալներով, 2 բռնցքամարտիկ՝ արծաթե, ևս 1-ը՝ բրոնզե մեդալով։ Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի թիմը ցույց տվեց աննախադեպ արդյունքներ և Վրաստանի հավաքականի կազմում ապահովեց 8 տեղ։
Երկրպագուների համար առաջնության կարևոր իրադարձություններից էր երկու ընկերների՝ Արտյուշ Գոմցյանի և Արմեն Գրիգորյանի մենամարտը։ Մեծահասակների 60 կգ քաշային կարգում երկուսն էլ հասան եզրափակիչ, նրանց սպասվում էր հանդիպում ռինգում։ Երկրպագուների «հարվածի՛ր նրան», «առա՛ջ» գոչյուններն անմիջապես դադարեցին այս մենամարտի ժամանակ։ Մենամարտն անցավ լռության ներքո:
Jnews-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ զգացողություններ ունեին մեր մարզիկները, երբ ռինգում դեմ առ դեմ էին հայտնվել։ Երկու մարզիկներն էլ խոստովանում են, որ իրենց մենամարտը կանխատեսելի էր, քանի որ նույն քաշային կարգում են և երկուսն էլ հասել էին եզրափակիչ։
«Հիմնականում մենք շատ չէինք հարձակվում միմյանց վրա, մենք զուտ ցուցադրեցինք գեղեցիկ բռնցքամարտ, տրիբունան ծափահարում էր մեր մենամարտը։ Ընդհանուր առմամբ, տպավորությունները շատ դրական են, մենք շատ ուրախ ենք, երկուսս էլ դարձանք ազգային հավաքականի անդամ։ Սա նույնպես մեծ պատասխանատվություն է, մրցակցությունը մեզ մղում է ավելի լավը լինելու։ Մինչ մենամարտը մենք ոչ մի բանի շուրջ չենք պայմանավորվել, մենամարտի մասին մենք ընդհանրապես չենք խոսել իրար հետ, նախապես ոչինչ չենք պայմանավորել»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Արմենի խոսքով, երբ ինքը և Գոմցյանը ռինգում էին, ինքը չի զգացել, որ սա ինչ-որ կարևոր մենամարտ է. «Դա նման էր սպարինգի, ինչպես մարզումների ժամանակ մենք միշտ միասին ենք մարզվում, պայքարում նման զգացողություն էր»: