Կիրիլ Պատրիարքը՝ ԿԳԲ գործակա՞լ
Շվեյցարական երկու պարբերականներ հայտարարել են, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը եղել է ԿԳԲ-ի՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գործակալ։ Այս մասին գրում է «Եվրոնյուզ»-ը։
Երկու ԶԼՄ-ները՝ Le Matin Dimanche-ը և Sonntagszeitung-ն օգտվել են Շվեյցարիայի դաշնային արխիվներից։ Ավելի վաղ՝ 1970-ականներին Կիրիլն ապրել է Ժնևում ու պաշտոնապես ներկայացրել է Մոսկվան Եկեղեցիների համաշխարհային խորհրդում։
Ըստ աղբյուրի, նրա առաքելությունն է եղել ազդել այս խորհրդի վրա, որտեղ մուտք է գործել ԿԳԲ-ի միջոցով։
Նշվում է, որ ռուսական եկեղեցին «հրաժարվել է մեկնաբանել Ժնևում Կիրիլի լրտեսական գործունեությունը»։ Իր հերթին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարել է, որ այդ թեմայով տեղեկություն չունի:
Շվեյցարական Le Matin Dimanche-ը հարցազրույց է վերցրել պատրիարքի եղբոր որդուց՝ Միխայիլ Գունդիաևից, ով նրան հաջորդել է Ժնևում։ Սակայն նա նշել է, որ իր հորեղբայրը «գործակալ չէր, նույնիսկ եթե նա ենթարկվում էր ԿԳԲ-ի «խիստ վերահսկողությանը»։ Եվ դա չի ազդել այլ եկեղեցիների հետ էկումենիկ աշխատանքին նրա նվիրվածության ու անկեղծության վրա»։
Աղբյուրը գրում է, որ պարտիրարք Կիրիլը 43 անգամ այցելել է Շվեյցարիա. «նրան Ալպեր ու Ժնևի լճի ափեր բերում էին դահուկային սպորտի նկատմամբ սերը, կրոնական դիվանագիտությունը, լրտեսությունը, ֆինանսական հարցերը»։