Փորձել էին պայթեցնել բանկոմատը
Հունվարի 31-ի գիշերը, ժամը 3.35-ին հսկող սարքերը մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ֆիքսել են տարօրինակ շարժ: Դիմակավորված չորս հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բանկոմատից գողություն անել:
«Գործի կեսն արել էին, մնում էր պայթեցնելը, երբ բանկում ծառայություն կատարող ոստիկանը ձայներ լսեց: Բանկը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հսկողության տակ էր:
Հերթապահող ոստիկանը միջամտեց, և գողության եկած տղամարդիկ, գործն ու գործիքները թողած, փախան: Ահազանգով դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբեր, փորձագետ ու քննիչ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրավապահներն անցան գործի` տարածքի զննություն, վարկածների վերլուծություն և, իհարկե, օպերատիվ աշխատանք»,-մանրամասնում են ոստիկանոթյունից։
Փետրվարի 4-ին իրավապահներին հայտնի է դարձել, որ խմբի անդամները ցանկանում են լքել հանրապետության սահմանները և գտնվում են Ստեփանավանում:
«Երեկոյան ժամը 21.30-ին, ինչպես ասում են` արդեն ճամպրուկները հավաքած, Ստեփանավանում ձերբակալվեցին և, նրանցից մեկի «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեցին տարածքային քննչական բաժին: Փետրվարի 6-ին դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկել են նրանց մեքենան՝ հայտնաբերելով գործարանային համարով «ԳԼՈՔ» ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով:
Բազմիցս տեղեկացրել ենք, որ բանկոմատների մեջ տեղադրված է հատուկ սարքավորում, և բանկոմատի վրա տեխնիկական ներգործության դեպքում թղթադրամների վրա ներկանյութ է լցվում՝ դրանք դարձնելով ոչ պիտանի։ Եվ նույնիսկ գողությունը հաջողությամբ ավարտին հասցնելու պարագայում կանխիկ գումարը կդառնա անպիտան»,-նշում են ոստիկանությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան