Մարտուն Գրիգորյանը ՔՊ-ական «աղջնակին» խորհուրդ տվեց սրբազանի անունը տալուց իրեն կոռեկտ պահել
ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նախ ցավակցեց Ազատ գյուղում «անհասկանալի պայմաններում և պատճառներով» հրդեհից զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին։
«Ցավում եմ, որ մինչև հիմա սգո օր չի հայտարարվել այդ մեծագույն ողբերգության համար, փոխարենը հասարակությունը դեպքի պահից մինչև հիմա խճճված է իրարամերժ վարկածների իսկությունը պարզելով։
Իսկ իշխանությունը ձևը գտել է՝ իրեն ձեռնտու վարկած է ներարկում հասարակության մեջ և սպասում, որ մի քանի օր ակտիվ քննարկումներից, բանավեճերից հետո այս վշտի հետ էլ կհամակերպվի ժողովուրդը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, իշխանական պատգամավորից մեկն ընդդիմադիր պատգամավորներին մեղադրում էր սակավախոսության մեջ, որ առաջնագծի «բարվոք» վիճակը, զինծառայողների անվտանգության ուղղությամբ արված «բարեփոխումները» կամ չեն նկատում, կամ խոսքեր չեն շռայլում։
«Հիմա տեսաք չէ ժողովուրդ, թե ինչ պայմաններում են ծառայում մեր զինվորները։ Ցավոք, այսօրվա բանակի մասով մեր սակավախոսությունը հիմքեր ուներ»,- նշեց Մարտուն Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետությանը, որը 58 օր բլոկադայի մեջ է, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այս ամենի համատեքստում իրենց գրանտային, ֆինանսական, քաղաքական շահերը հետապնդողները Լաչինի միջանցքի փակ լինելու փաստը բարդելով միայն ռուսական կողմի վրա, մյուս՝ ավելի շատ պատասխանատու կողմին փորձում են մաքրել տարատեսակ մանիպուլյատիվ քայլերով»։
Այնուհետև նա խոսքն ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանին, ով ելույթ էր ունենում իրենից առաջ ու իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին.
«Ինձանից առաջ ելույթ ունեցող աղջնակին եմ ուզում արձագանքել, չնայած որ այդքան էլ ինձ սազական չէ»։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը խնդրեց պատգամավորին հեռանալ ամբիոնից։
Բայց Գրիգորյանը շարունակեց. «Խորհուրդ եմ տալիս սրբազանի անունը տալուց իրեն կոռեկտ պահել»։
«Պարոն Գրիգորյան, այսուհետ բարյացկամ կլինեք, հարգանքով կարտահայտվեք պատգամավորների նկատմամբ, այլևս նման կերպ չարտահայտվեք պատգամավորների նկատմամբ, այլապես ստիպված կլինեմ պատժիչ սանկցիաներ կիրառել վարողի իրավունքով»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան