Բաբայան. Եթե նույնիսկ ԱԺ-ն թույլ տար Ս. Օհանյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ապա դատախազը դա չի կարող անել
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ ԱԺ-ում քննարկված հարցին.
«Երեկ, ԱԺ նիստում Սեյրան Օհանյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության հրապարակումից հետո, փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղին նկատեց, որ՝ «(...)Վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվում է բոլոր դեպքերում, բացառությամբ, եթե անձը առարկում է դրա դեմ, այսինքն՝ արտահայտում է հստակ դիրքորոշում»:
Խորհրդարանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բառացի հայտարարեց՝ (...)«Սեյրան Օհանյանը հիշյալ հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, միեւնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել»:
Քննարկվող հարցը շատ հստակ կարգավորված է քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, եթե հանցանքը կատարելուց հետո անցել է քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետը, բացառությամբ այն դեպքում, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այսինքն՝ անձը պետք է կոնկրետ դիրքորոշում հայտնի, այն էլ՝ գրավոր: Նա պետք է շատ ուղիղ և շատ հստակորեն գրավոր արձանագրված առարկություն ներկայացնի, ոչ մի դեպքում չլինի այնպիսի իրավիճակ, որ անձը որևէ դիրքորոշում չհայտնի դրա վերաբերյալ ու քրեական հետապնդում հարուցվի:
Հետևաբար, նույնիսկ այն պայմաններում, եթե Ազգային ժողովը գլխավոր դատախազին թույլ տա Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, ապա դատախազը դա չի կարող անել, քանի որ ՕՐԵՆՔՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է այդպիսի մեղադրանքի հարուցումը»։
Հարակից հրապարակումներ`
- Օտարվել է ոչ գործող զորամաս. Գլխավոր դատախազը՝ Սեյրան Օհանյանի գործով
- Վերդիկտ կայացվում է, պատիժ չի նշանակվում. Վարդապետյանը՝ Սեյրան Օհանյանի գործի մասին
- «Ինձ ուղիղ ասաց՝ պիտի նշանագրումն անես, հակառակ դեպքում...». Ցուցմունք՝ Օհանյանի գործից
- Պետական շահի տեսանկյունից բացատրություն չկա. Վարդապետյանը՝ Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու մասին
- ՔՊ-ականներն սկսեցին Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության հարցի քննարկումը
- Սերյան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները՝ ԱԺ նիստերի օրակարգում